Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հուլիսի 26-ին Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվել է նաև քահանայական ձեռնադրություն:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան յոթ սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Վարդան Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին' Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և վերջիններիս շնորհելով նոր հոգևոր անուններ:
Հայկ սրկ. Թադևոսյանը վերակոչվեց Տ. Թադեոս քահանա, Արտակ սրկ. Վարդանյանը' Տ. Թորգոմ քահանա, Ավետիս սրկ. Ասատրյանը' Տ. Արշավիր քահանա, Վարդան սրկ. Զեյնալյանը' Տ.Պարգև քահանա, Արման սրկ. Շոխիկյանը' Տ. Գրիգորիս քահանա, Դավիթ սրկ. Ղարիբյանը' Տ. Կարապետ քահանա, Արման սրկ. Մարտիրոսյանը' Տ. Աբրահամ քահանա:
Ձեռնադրության ավարտին նորընծա քահանաները ներկաներին փոխանցեցին իրենց անդրանիկ օրհնությունը:
Այնուհետև ձեռնադրող Սրբազանը, յոթ քահանաների ձեռնադրության կապակցությամբ շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, հոգևորականաց դասին, նորաձեռնադրյալների ծնողներին և հավատացյալ ժողովրդին, մասնավորաբար նշեց. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձյալ իր' դարերով շարունակվող հաղթական արշավն է ուղենշում, և այս օրն այդ ընթացքի մեջ Հարության հաղթական խորհրդի և Աստուծո ներկայության շնորհի մեծ վկայությունն է: Սուրբ Հաղորդության' Պատարագի սրբազան խորհրդի ընթացքում ամենքիս աղոթքներով կատարեցինք սրբազան մեր Եկեղեցու յոթ խորհուր դներից մեկը' Ձեռնադրության սրբազան խորհուրդը: Հայոց Եկեղեցին, սիրելինե՛ր, հաստատված լինելով ճշմարիտ Վեմի' մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ խոսքի վրա, առաքելական շարունակականությամբ, Սրբազան Հայրապետների, վարդապետների, քահանաների և սարկավագների արյան վկայության, անսակարկ ինքնանվիրումի և ծառայության արդյունքում Տիրոջ մարմնի ծառայությամբ շարունակում է իր առաքելությունը:
Այսօր Հայ Եկեղեցին, ևս մեկ անգամ զորանալով, պայծառազարդվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով, քանզի Տիրոջ Հոգին դարձյալ ամենքիս աղոթքով իջավ յոթնարփյան իր շնորհաբաշխությամբ, առատորեն հեղեց իր Իմաստության Լույսը և շարունակեց հրաշագործել մեր կյանքում, հրաշագործել երիտասարդ, գիտակից հավատքով զորացած այս յոթ նորընծա երիտասարդների ինքնանվիրումով, ինքազոհողությամբ և ինքնածառայությամբ: Հավատքի վկաներ են այսօր այս յոթ նվիրյալ ծառաները, ովքեր պիտի սպասավորեն Տիրոջ խորանին' մեր ժողովրդի հոգևոր կյանքի առողջացման համար Աստուծո սերը և ճշմարիտ խոս քը բաժնեկից դարձնելով նրանց կյանքին: Աստվածահաստատ խորհուրդ էր, որ կատարեցինք ձեռնադրությամբ և Աստուծո Սուրբ Հոգու խորհրդանիշը հանդիսացող Սուրբ Մյուռոնի հեղմամբ, որով Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով' տրված Նրա առաքյալներին, նրանց շարունակականությամբ մինչև մեր օրերը փոխանցված կապելու և արձակելու ծառայության այդ շնորհին կոչելով նրանց»:
Սրբազան Հայրը, դիմելով նորընծա քահանա հայրերին, ընդգծեց, որ նրանց ծառայությամբ Աստված է գործելու, և հորդորեց, որ վերջիններիս սրտերը մշտապես մոտ լինեն իրենց հանձնված հոտին, ապրեն նրա կյանքով, հովվական խոսքի միջոցով իրենց հոտի վիշտը մխիթարության վերածեն: Վարդան Սրբազանն ավելացրեց նաև, որ ինչպես սրբազան հայրապետների ու առաքյալների, վարդապետների ու մեծանուն քահանաների պարագայում էր, այսուհետև նորաօծների միջոցով Տերը ևս պիտի գործի երկրի վրա:
Ապա «Ողջույնի» ժամանակ Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան' շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Երեկոյան կատարվելու է նաև վեղարի տվչության արարողություն: Տ. Գրիգորիս քահանան կստանա վեղար և կհամալրի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից և պատրաստության շրջան անցնելուց հետո նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում: