Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում մարտի 13-ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, կրթության և մշակույթի ոլորտում Հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ են հանձնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Սիմեոն Հախումյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին:

 

 

Հանդիսությունն սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո ողջույնի խոսքով է հանդես եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 

 

Մեծարյալների վաստակի և գործունեության մասին ներկաներին իրենց մտորումներն են փոխանցել Դոնարա Հարությունյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը, Նոննա Ոսկանյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս են բերվել Հայրապետական սրբատառ կոնդակները:

 

 

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցել է տիար Վլադիլեն Բալյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորապես նշված է. «Մեծարգո պրն. Բալյան, մեր ժողովուրդը ճանաչում և սիրում է Ձեզ' հայ մշակույթի անխոնջ նվիրյալիդ ու հավատարիմ սպասավորիդ: Ձեր բեղմնավոր կյանքի ընթացքին Դուք տարբեր հանձնառություններով ու պաշտոններով բարի ավանդ եք բերել հայրենի մեր երկրում երաժշտարվեստի տարածման ու զարգացման երախտարժան գործին' ղեկավարելով Հայֆիլhարմոնիան, Հայպետէ ստրադան և Հայաստանի Ժողովրդական գործիքների պետական համույթը:

 

 

Արդյունաշատ է նաև Ձեր ստեղծագործական վաստակը: Ձեր հեղինակած բազմաթիվ երգերը, սիմֆոնիկ ու կամերային ստեղծագործությունները մշտապես հնչել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր բեմերից ու եթերներից' սիրով ընդունվելով երաժշտասեր հասարակայնության կողմից:

 

 

Ուրախ ենք նաև անդրադառնալու, որ երկար տարիներ մանկավարժական արդյունավոր գործունեությամբ կրթել ու արվեստի մեծ ասպարեզ եք առաջնորդել բազմաթիվ շնորհալի երիտասարդների' նրանց փոխանցելով Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները»:

 

 

Տիար Սիմեոն Հախումյանին շնորհված Սրբատառ կոնդակն ընթերցել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս ժամկոչյանը: «Հարգարժան պրն. Հախումյան, Հայրապետիս համար գոհունակություն է անդրադառնալ Ձեր հայրենանվեր և ազգաշեն գործունեությանը, որին ականատես ենք եղել մենք' անձնապես ճանաչելով հավատաւոր հայորդուդ: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ Դուք կյանքի ողջ ընթացքին գիտական ու մանկավարժական արդյունաշատ գործունեությամբ գովարժան ծառա յություն եք մատուցել Հայրենի մեր երկրին ու հավատավոր ժողովրդին:

 

 

Տակավին երիտասարդ հասակում Դուք նվիրվեցիք նոր սերնդի կրթության երախտարժան գործին: Տասնյակ տարիներ անսպառ նախանձախնդրությամբ դասախոսեցիք և վարչական պատասխանատու հանձնառություններ ստանձնեցիք Երևանի պետական համալսարանում և Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտում, ապա վարեցիք մեր երկրի Կրթության նախարարի պաշտոնը' գնահատարժան ավանդ բերելով ի նպաստ մեր երկրում կրթության բնագավառի զարգացման:

 

 

Գովարժան է նաև Ձեր գիտական ու ստեղծագործական վաստակը: Ձեր բեղուն գրչին են պատկանում հարյուրից ավել գիտական ուսումնասիրություններ, դասագրքեր ու գեղարվեստական աշխատություններ, որոնք արժանի ընդունելության են արժանացել մեր ժողովրդի կողմից»,- ասված է Հայրապետական կոնդակում:

 

 

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ընթերցել է տիար Էդուարդ Թադևոսյանին ուղղված կոնդակը, որում մասնավորապես նշված է. «Մեծարգո պրն. Թադևոսյան, Ձեր բարձր արվեստի միջոցով Դուք կյանքի ողջ ընթացքին ծառայում եք հայրենի մեր երկրին և հավատավոր ժողովրդին: Ձեր երկարամյա բեղուն գործունեությունը և հարուստ վաստակը արժանապես դասել է Ձեր անունը հայ երաժշտարվեստի հայտնի անունների կողքին:

 

 

Մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալով Երևանում և Մոսկվայում' Դուք առիթ ունեցաք աշակերտելու ժամանակի մեծանուն ջութակահարների: Տակավին երիտասարդ տարիքում հրավիրվեցիք ելույթներ ունենալու Կոմիտասի անվան պետական լարային քառյակում' կարճ ժամանակ անց ստանձնելով քառյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնը: Շարունակելով նվագախմբի լավագույն ավանդները' Դուք նոր հաջողությունների առաջնորդեցիք Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, որը բարձրարվեստ մատուցմամբ հայրենական և միջազգային բազմաթիվ բեմերից ունկնդիրներին ներկայացնում է հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարները' արժանանալով բազում մրցանակների:

 

 

Արդյունաշատ է նաև Ձեր մանկավարժական երկարամյա գործունեությունը: Տարիների Ձեր փորձն ու կարողությունները Դուք սիրով ի սպաս եք բերում Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի առաքելության արդյունավորմանը, որպեսզի հաստատությունը արդյունավորությամբ շարունակի երաժիշտների նոր սերունդի պատրաստության առաքինի գործը»:

Տիար Թովմաս Պողոսյանին շնորհված Հայրապետական կոնդակն ընթերցվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից:

 

 

«Սիրելի պրն. Պողոսյան, մեր ժողովրդին քաջածանոթ է Ձեր անունը' որպես բանահավաքի, տաղանդավոր երգչի ու մանկավարժի, ով անձնվիրաբար ծառայում է հայ աշուղական արվեստի պահպանության, ուսումնասիրության ու զարգացման նվիրական գործին: Տասնամյակներ շարունակ Դուք աննվազ հետևողությամբ պեղում եք մեր ազգային երգարվեստի ակունքները, ժամանակի մոռացությունից վեր հանում շատ ու շատ երգեր ու աշխարհի տարբեր բեմահարթակներից մատուցում հայ և օտար ունկնդիրներին: Այսօր կարելի է հաստատել, որ մեր ժողովուրդը աշուղական երգերի հարուստ ժառանգության բազմաթիվ գոհա րներ ճանաչում է Ձեր' հոգուց բխող կատարումներով, որոնք Ձեզ բերել են պետական բազում մրցանակներ, կոչումներ ու պարգևներ, նաև անկեղծ սերը երաժշտասեր հայորդյաց:

 

 

Գովարժան է նաև, որ արժանավոր սերունդ դաստիարակելու ազնիվ նախանձախնդրությամբ Դուք իրականացնում եք նաև մանկավարժական երկարամյա գործունեություն' Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները սիրով փոխանցելով երգարվեստի ասպարեզում առաջին քայլերը կատարող Ձեր սաներին:

 

 

Սիրելի պրն. Պողոսյան, մեզ համար առանձնակի գոհունակություն է անդրադառնալ, որ պատանի հասակում ուսանելով Մայր Աթոռի հոգևոր ճեմարանում, Դուք կյանքի ողջ ընթացքին անխախտ պահեցիք Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Սուրբ Էջմիածինը: Ձեր աստվածատուր շնորհներն ու կարողությունները նաև ի սպաս բերեցիք եկեղեցական արարողությունների կատարմանը' երգելով մեր եկեղեցիների երգչախմբերում», - ասված է Հայրապետական կոնդակում:

 

 

Կոնդակների հրապարակումից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին հանձնել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանները:

Այնուհետև իրենց սրտի խոսքն են ասել նաև Հայ Եկեղեցու շքանշանակիրները' երախտագիտություն հայտնելով կրթության և մշակույթի մշակների նկատմամբ Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության և բարձր գնահատանքի համար:

 

 

Ցերեկույթի ընթացքում կատարումներով են հանդես եկել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլը:

 

 

Հանդիսությունն ամփոփվել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: