Ապրիլի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր:

 

Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ներկա մանուկներին, բացատրեց Ծաղկազարդի խորհուրդն ու մաղթեց, որ Ամենակալ Աստված Իր հովանու ներքո պահի ու պահպանի բոլոր հայ մանուկներին' պարգևելով խաղաղ ու անվրդով կյանք: «Թո՛ղ որ Աստծո օրհնությամբ հասակ առնեք, արժանավոր զավակները լինեք ձեր ընտանիքների, մեր հավատավոր ժողովրդի, շենացնեք մեր Մայր Հայրենիքը' փառք ու պատիվ հավելելով նախնյաց ավանդությանը և գովարժան վարքով ծառայեք ազգիս հայոց», - ասաց Նորին Սրբությունը: «Պահպանիչ» աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը փոքրիկներին տոնի առիթով խաչեր նվիրեց, ապա օրհնված ճյուղերը բաժանվեցին ներկա գտնվող հավատացյալներին:

 

Այնուհետև Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն իր քարոզում հանգամանալից կերպով ներկայացրեց Ծաղկազարդի խորհուրդն ու տոնի հոգևոր պատգամը: Մայր Տաճարում հավաքված մանուկներին համեմատելով Երուսաղեմում Հիսուսին փառաբանողների հետ' Սրբազանը նշեց' այսօր Երուսաղեմի օրինակով Սուրբ Էջմիածինը նույնպես դղրդաց այս մանուկների ուրախությունից:

 

Իսկ հավարտ Ս. Պատարագին, դարձյալ կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ բոլոր երեխաներին հրավիրեցին Մայր Տաճարի ատյան, ուր անձամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց նրանց: