Վարդավառի նախօրեի երեկոյան մարդաշատ էր Մարտունի քաղաքի հանրային լողափի տարածքը, որտեղ միանգամից նշվում էր երկու տոն՝ Վարդավառը եւ լողափի բացման արարողությունը: Միջոցառումները կազմակերպվել էր Գեղարքունիքի մարզպետարանի, Մարտունու քաղաքապետարանի, Մարտունու տարածաշրջանի համայնքների, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ համատեղ ուժերով: Վարդավառի տոնակատարությանը եւ հանրային լողափի բացմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ քննչական կոնիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, հոգեւորականներ, մտավորականներ, մարզի համայնքների ղեկավարներ, ՀԿ-ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ, հյուրեր:
Տոնախմբության մասնակիցներին ողջունեց եւ շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, նշելով, որ Վարդավառի տոնը դարեր շարունակ նպաստել եւ նպաստում է ազգային ավանդույթների պահպանմանը, համազգային համախմբմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանը:
Վարդավառի տոնակատարությունը մեկնարկեց տոնի նախաքրիստոնեական խորհուրդով, որտեղ ներկայացվեցին Վահագնի եւ Աստղիկի սիրո պատմությունից դրվագներ: Ներկայացվեց նաեւ Խնդումի ծեսի արարողությունը: Ապա Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ջրի օրհնության կարգ: Օրհնված ջուրը հյուրերին բաժանվեց օրվա խորհրդին բնորոշ ձեւավորված գավաթներով, եւ ներկաները օրհնված ջուրը շաղ տվեցին միմյանց վրա:
Վարդավառի տոնակատարության բաղկացուցիչ մաս էին կազմում Մարտունու տարածքի համայնքների կողմից ցուցադրվող տաղավարները: Այստեղ հյուրասիրության համար ներկայացված էին վարդավառին բնորոշ ճաշատեսակներ եւ այլ կերակուրներ: Համայնքները հանդես եկան ազգային երգ ու պարով, ցուցադրվեցին Վարդավառին նվիրված ազգային-ավանդական խաղեր՝ լարախաղաց, կոխ, լախտի, ճուկի:
Լողափի կառուցման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած 27 քաղաքացիներ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից արժանացան «Համայնքի գործընկեր» մրցանակին:
«Միջոցառման նպատակը տաղավար տոնի ծեսի վերականգնումն է, տոնի խորհրդի մասին բնակչության իրազեկումը եւ հանրությանն այդ ամենին հաղորդակից դարձնելը»,- նշեց ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը:
Տոնակատարության ողջ ընթացքում մայրաքաղաքից ժամանած հանրահայտ երգիչները հնչեցրին հայկական ժողովրդական եւ ազգային երգեր:
Կազմակերպիչների հավաստմամբ՝ Վարդավառին նվիրված տոնակատարությունն այսուհետ կվերածվի ամենամյա փառատոնի: