Հունվարի 6-ի առավոտից տոնական տրամադրությունն էր իշխում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելեցին և Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին ներկա գտնվեցին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Վրաստանի հաշտվողականության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանի պատժա-կատարողական և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամներ Նիկոլոզ Բաչիլավան, Զաալ Սամադաշվիլին, Իսանի շրջանի գամգեբելի Թոռնիկե Խուցիշվիլին, լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, դեսպանության մյուս դիվանագետներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, կառավարության այլ ներկայացուցիչներ:
Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ արժանավոր հայորդի, հավատավոր քրիստոնյա Յուրի Երեմյանը:
Հավարտ Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհակալության խոսքեր ուղղեց վրաց պետության և կառավարության ներկայացուցիչներին' Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հայոց Եկեղեցու հավատացյալներին շնորհավորելու կապակցությամբ: Սրբազան Հայրը դիմելով ներկաներին արժևորեց Վրաստանում հաստատված հայերի հավատարմությունը այս երկրին և պետությանը, շեշտելով հայ զինվորի ծառայությունը վրացական բանակում, հայ ոստիկանի նվիրվածությունը երկրում կարգ ու կանոնի պահպանմանը, հայ մարդու ստեղծարար աշխատանքը: Թեմակալ առաջնորդը ընդգծեց հայ մարդու վրաց հասարակության անբաժանելի մասնիկ լինելու հանգամանքը, մերժելով նրան անարդարացիորեն ազգային փոքրամասնություն անվանելը: Անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը, Սրբազան Հայրը արժևորեց այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հոգևոր հայրենիքը և Հայաստանի Հանրապետությունը մայր հայրենիքն է աշխարհասփյուռ հայության համար, որի մի մասնիկն է հանդիսանում Վիրահայոց թեմը:
Այնուհետև հավաքվածներին Սուրբ Ծնունդի, Աստվածհայտնության և ջրօրհնեքի կապակցությամբ շնորհավորանքի խոսքերով դիմեց Վրաստանի հաշտվողականության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին: Նա փոխանցեց Վրաստանի վարչապետի շնորհավորանքները և, մասնավորապես ասաց.
- Եկել եմ փոխանցելու երկրի վարչապետ պարոն Ղարիբաշվիլու շնորհավորանքները և կիսելու այն մեծ ուրախությունը, որը գալիս է Սուրբ ծննդյան, Ջրօրհնեքի հրաշափառ տոներից: Վրաստանի ազգային, մշակութային և կրոնական բազմազանությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն է: Մեր երկիրը հպարտ է այն մշակութային ժառանգությամբ, որը ստեղծել են այստեղ բնակվող տարբեր ազգային և կրոնական խմբերի ներկայացուցիչները, իսկ դրանցից հնագույնը հայ մարդն է և վիրահայ համայնքը: Մեր պարտքն է պահել և պահպանել այս ժառանգությունը, փոխանցելով այն սերունդներին:
Տոնական Սուրբ Պատարագից հետո երկրի պետական այրերը Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ միասին ներկա գտնվեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում Վրաստանի Հայ կանանց «Շուշանիկ» միության (նախագահ Սուսաննա Խաչատրյան) կազմակերպած ավանդական հայկական գաթայի փառատոնին:
Բաժակ բարձրացնելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության համար, հյուրերը վերստին հավաքվածներին շնորհավորեցին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Փառատոնն անցավ անհատ կատարողներ Աննա Պողոսովայի, Անի Ղուշչյանի և Հենրիխ Պետրոսյանի ուրախ երգերի ներքո:
Սուրբ Ծննդյան տոնական տրամադրությունը շարունակվեց հայկական գաթայի հյուրասիրությամբ, ուրախ երգով ու երաժշտությամբ:
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի հանդիսապետությամբ և գլխավորությամբ տոնական Սուրբ Պատարագ մատուցվեց Ախալքալաքի Սբ. Խաչ Եկեղեցում և կատարվեց ջրօրհնեքի արարողություն:
Տոնական օրը Սուրբ Պատարագով սկսվեց նաև Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցում: Պատարագիչն էր Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Տոնական Պատարագին ներկա էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն և Բաթումի քաղաքապետ Ջեմալ Անանիձեն: Բարձր պաշտոնյա այրերը Աջարիայի հայությանը շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր ասացին հրաշափառ տոնի առթիվ: Տեր Արարատ քահանա Գումբալյանը հայության անունից շնորհակալություն հայտնեց վարչապետին և քաղաքապետին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար:
Հունվարի 6-ին տոնական Սբ.Պատարագ մատուցվեց և Սուրբ Ծնունդը և Մկրտությունը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում: