Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ՝ հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առիթով կազմակերպվեց տոնին նվիրված ընթրիք՝ Արցախից բռնի տեղահանված և Մասիս քաղաքի համայնքային շինություններում ապաստանած ընտանիքների համար (շուրջ 100 հոգի)։ Հայտնում են Մասիսի Սուրբ Թադեոս Եկեղեցու ֆեյբսբուքյան էջում:

Սուրբ Ծննդյան խորհրդին նվիրված ավանդական ուտեստները պատրաստվել էին արցախցի ընտանքիների կողմից՝ արցախյան սովորություններին համահունչ։ Տոնական ընթրիքը բացվեց Առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով, ապա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևորականները ընթրիքի մասնակիցներին փոխանցեցին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսը՝ մաղթելով Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը։ 

Հոգևոր հայրերը հորդորեցին որպես քրիստոնյաներ ամուր մնալ հավատքի մեջ՝ պահպանելով հույսը ու Արցախ վերադարձի տեսիլքը։ 

Թող Աստված օրհնի Արցախի մեր հայրենակիցներին, միջոցառման կազմակերպիչներին և բոլոր աջակիցներին։