Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 285-337 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքը բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում, որտեղ նրա պատվին կառուցվել է եկեղեցի։
2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։
Այսօր Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ավանդույթի համաձայն, այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:
Սուրբ Սարգսի կերպարը հանդիպում է հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում՝ քանդակագործության, որմնանկարչության և հատկապես մանրանկարչության մեջ:
Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբանկարը, որտեղ պատկերված է Սուրբ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի հետ, սպիտակ նժույգի վրա: