Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի սեպտեմբերի 17-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:
Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:
«Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»
Պատմությունն ավանդում է, որ 614թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքը ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Սբ. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:
Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Սբ. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով, Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Սբ. Հարություն տաճարում:
Ըստ ավանդության, Կարնո լեռների ստորոտներից մեկի մոտ պարսիկները փորձում են ետ վերցնել խաչը: Հայերը հետ են մղում պարսկական կողմի հարձակումները և տեսնում են, որ այն տեղից, որտեղ թաքցրել էին խաչափայտը՝ վճիտ ու սառնորակ աղբյուր է բխում: Նույն տեղում կառուցվում է Խաչկա կամ Խաչավանքի եկեղեցին, որը հետագայում ուխտատեղի է դառնում: Հատկապես Խաչվերացի տոնի առթիվ այնտեղ բազում ուխտավորներ էին այցելում: Խաչվերացին ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Ս․ Խաչի անունը կրող սրբավայրեր:
Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են` ուլի խորովուն, մշոշը, ղափաման,գաթան, ոսպով շորվան:
«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է»: (Սբ. Հովհան Ոսկեբերանն)
Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներու կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն: Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ: Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:
Գրիգոր Տաթևացու Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչը դարձավ Քրիստոսի մահվան գործիք, սակայն հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։
Քրիստոս խաչվեց, մահացավ ժամանակին ամենաանարգ մահը համարվող մահով, բայց հաղթեց։ Միգուցե մահվան ու կյանքի, հաղթանակի ու պարտության մասին մեր գաղափարներն են սխալ։
«Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում։
Սխալ են մեր պատկերացումները մահվան ու կյանքի մասին, քանի որ հիմնաված են նյութական շահի, ոչ թե հոգևոր շահի վրա։ Պետք է կորցնել, որ գտնես, Խաչվել նշանակում է զոհաբերբել, երբ պատրաստ ես տալու այն ինչ ունես, այդ դեպքում գտնում ես ավելի։ Քանի որ այն ինչ զոհաբերում ես Աստված է տալիս, դա քո սեփականը չէ։ Աստված տալիս է, որ կիրառես, ոչ թե պահես քեզ։ Սա էլ արդեն հաղթանակ է։ Այսօր ուրախանում ենք Քրիստոսի խաչով, քանի որ այն հաղթանակի խորհուրդն է, ոչ թե հիշում ենք Քրիստոսի դաժան մահը, այլ փառավոր հաղթանակը»,-տոնի խորհուրդը մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Խաչվել ու հաղթել, մահանալ ու հավիտենական ապրել։ Խաչը հիշեցնում է, որ հարկավոր է կռվել, բայց արդար պատերազմ վարել, քանի որ «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»։
«Խաչվերացի խորհուրդը խաչը գտնելու մեջ է, այս տոնը հաստատվեց խաչի երեք գյուտերի արդյունքում։ Խաչը կորցնում ենք անտարբերության, մեղքի և թշնամանքի, չարության պատճառով։ Իսկ գտնում ենք այդ ախտերը հաղթահարելու արդյունքում։
Սխալ են մեր պատկերացումները մահվան ու կյանքի մասին, եթե հիմնաված են նյութական շահի, այլ ոչ թե հոգևոր շահի վրա։ Պետք է կորցնես, որ գտնես։ Խաչվել նշանակում է զոհաբերվել, երբ պատրաստ ես տալու այն, ինչ ունես, այդ դեպքում գտնում ես ավելին։ Այսօր փառաբանում ենք Քրիստոսի խաչը, քանի որ այն հաղթանակի խորհուրդն է։ Հիշում ենք ոչ թե Քրիստոսի դաժան մահը, այլ փառավոր հաղթանակը»,-տոնի խորհուրդը մեկնաբանում է Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Խաչվել ու հաղթել, մահանալ ու հավիտյան ապրել։ Խաչը հիշեցնում է, որ հարկավոր է կռվել, բայց արդար պատերազմ վարել, քանի որ ասվում է՝ «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»։