Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո շուրջ 12 տարի ապրում է Երուսաղեմում՝ Ս. Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Եվ մի օր Գաբրիել հրեշտակապետից ստանում է երկրից երկինք վերափոխման ավետիսը. «Ուրախացի՛ր, բերկրյալդ կանանց մեջ, քանզի քեզ կանչում է մեր Արարիչը, քո Միածին Որդին»: Սուրբ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում: Ապա Սուրբ Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:
Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:
Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա փայտեղեն այդ անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:
Երբ Ս. Կույսը ննջում է, նրա հոգին ելնում ու խառնվում է լուսեղեն զորքին, իսկ մահճում մնացած մարմինը չի այլակերպվում, այլ նրանից Սուրբ Հոգու շնորհն է բուրում անուշահոտ խնկի պես: Երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգությամբ ու օրհնությամբ առաջնորդվում դեպի Գեթսեմանի:
Օրհնյալ մարմինը դնում են գերեզման և, ինչպես հարկն է, պահպանում երեք օր: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո՝ առավոտյան, անմարմինների բանակներն իջնում են գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտենում է Ս. Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց կնիքը խախտելու, վերցնում է աստվածընկալ մարմինն ու վերանում երկինք:
Առաքյալներից մեկը՝ Ս. Բարդուղիմեոսը, Աստվածամոր ննջման և թաղման օրերին Երուսաղեմում չէր: Իսկ երբ նա գալիս ու իմանում է կատարվածը, խիստ վշտանում է, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո աղաչում է Ս. Պետրոսին և մյուսներին իրեն ցույց տալ Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահուդողով աղոթք են անում ու հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը՝ բացում են գերեզմանը և այն դատարկ գտնում: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները:
Առաքյալները գոհանում ու փառավորում են Աստծուն և կամենալով մխիթարել իրենց եղբորը՝ Ս. Բարդուղիմեոսին, նրան են տալիս Ս. Տիրամոր պատկերը: Այդժամ Ս. Թովմասը մի երգ է ձոնում Ս. Աստվածամորը, որը մինչև այսօր երգում ենք եկեղեցում. «Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն»: Քանզի Ս. Աստվածամայրը միշտ կենդանի է Աստծու առջև:
Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):
Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:
Միածին Որդին Վերնատանը խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինին՝ խաղողի արյունը, Իր փրկական Արյան նյութը դարձրեց և Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա՛ է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. 26:28): Դրանով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից։
Աղբյուրը՝ qahana.am
Այսօր Խաղողօրհնեք է. Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը
10:34 - 12.Օգոստոս.2018
Առաջարկում ենք նաև
08/09/23 10:59
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբուհի Կույս Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը
17/09/17 10:31
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը
26/12/22 16:10
Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը
12/04/20 10:24
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. Ուղիղ
03/03/19 12:05
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան