Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբուհի Կույս Մարիամ Աստվածածնի ծննդյան փառապանծ տոնը, որն անսպառ ուրախությամբ է լցնում քրիստոնյայի սիրտը: Չէ՞ որ այդ ծնունդով լույս աշխարհ եկավ Աստծո փրկության ծրագրի իրականացման ընտրյալը, ում մասին ասված էր. «Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները՝ ժողովուրդների մեջ. ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե՝ սրանք Աստծո օրհնյալ զավակներն են, ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր» (Եսայի 61:9): Այսպիսով, կատարվեց Աստծո խոստումը՝ տրված նահապետներին, ըստ որի՝ նրանց Զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը:
«Մարիամ» նշանակում է «լուսավորյալ», ով և կոչված է «Դրախտ աստվածային և Արևելք իմանալի»: Նրա մասին Սողոմոնն ասում է. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ սխրագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից: Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն» (Առակներ 31:29-30):
Մարիամն Աննայի և Հովակիմի դուստրն էր, ովքեր, չնայած իրենց աստվածավախ և առաքինազարդ կյանքով ապրելուն, ծերացել էին առանց զավակներ ունենալու, սակայն չէին հուսահատվել և անդադար աղոթք էին բարձրացրել առ Աստված, որպեսզի Տիրոջ ողորմությունը հասնի նաև իրենց ընտանիքին։ Անսասան հավատով լեցուն նրանց ջերմեռանդ աղոթքներն անպատասխան չմնացին․ չէ՞ որ ասված է․ «...Խնդրեցե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ,... բախեցե՛ք, և կբացվի ձեզ համար...» (Ղուկաս 11:9)։ Եվ ծնվեց դուստրը նրանց՝ Մարիամը՝ ողջ մարդկության երկնավոր Մայրն ու մեծագույն Բարեխոսը, ում առաջին տարին լրանալուն պես՝ տարան տաճար՝ Աստծուն ընծայելու, իսկ երրորդ տարին տարան տաճար և հանձնեցին Զաքարիա քահանայապետին։ Երեքամյա Մարիամն առանց որևէ օգնության բարձրանում է դեպի Մեծ Սեղանը տանող Տաճարի տասնհինգ աստիճաններով՝ զարմացնելով ներկաներին։ Կույսի Տաճար մտնելը համեմատում են Ուխտի Տապանակի Վկայության խորան մտնելու հետ, որն Իսրայելի փառքն էր։ Սակայն Հեղի քահանայապետի օրոք Տապանակը գերվել էր, և վերացել էր Իսրայելի փառքը (Ա Թագավորություններ 4:22), իսկ Տերը, կամենալով կրկին փառավորել Իսրայելը, Աստվածածնին՝ Խորհրդական Տապանակին, տարավ Տաճար։
Երանի այն մարդուն, ով իր ողջ հոգով հավատում է Մարիամ Աստվածածնի բարեխոսությանը և ապրում է նրա հայացքի ներքո: Երանի նրան, ով փորձում է իր ապրած օրերի ընթացքում մոտ լինել մեծագույն Սրբուհու կերպարին՝ խոնարհությամբ, մաքրությամբ, սիրով ու առ Աստված ունեցած անսասան հավատով, ինչպես զավակն է փորձում նմանվել իր սիրելի մորը։
Մարիամն այն առաքինության չափանիշն է, ով աստվածային կամքին նվիրվելով և Նրան անսպառ վստահելով, առանց վարանելու և վախենալու, ընդունեց Աստվածամայր դառնալու երկնային առաջարկը: Նա Մայրն է հավիտենական մարմնացյալ Խոսքի և Գանձը երկնային շնորհների: Մարիամն այն մեծագույն Սրբուհին է, ում նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման. ծնվելիս հրեշտակներն էին սպասավորում Կույսին, իսկ փոխվելիս՝ Բանն Աստված՝ Իր զորքերով։
Մարիամն իր խոնարհությամբ ու հեզությամբ վերստին ցույց տվեց Քրիստոսին մոտ գտնվելու երանյալ ճանապարհը:
Մի՞թե կգտնվի գոնե մեկ քրիստոնյա, ով չի երազի իր Արարչին տեսնելու և Նրա մոտ լինելու մասին: Իսկ ինչպե՞ս քայլել այդ երազանքին ընդառաջ, եթե ոչ Սրբուհի Մարիամի կերպարին հնարավորինս նմանվելով և առ Աստված անսպառ հավատով զինվելով:
Արդ, մեր կյանքի բոլոր օրերում, որևէ գործ իրականացնելիս, որևէ խոսք ասելիս և կամ որոշում կայացնելիս իրողությանը նայենք Սրբուհի Մարիամի աչքերով, խոսենք Նրա հետ, ինչպես զավակը կխոսի իր մոր հետ, մնանք Նրա մայրական հոգածության ներքո և առաջնորդվենք Նրա բարեխոսությամբ:
Բաց չթողնենք մեր երկնավոր Մոր ծննդյան տոնը Նրա Որդու' մեր Արարչի Տանը' Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում տոնելու հնարավորությունը: Մասնակցենք Սուրբ Պատարագի արարողությանը և Աստվածամոր բարեխոսությանն ուղղված աղոթքով մոտենանք Սուրբ Հաղորդությանը. «Ով փառավորյալ սուրբ Կույս և Մայր հավիտենական մարմնացյալ Խոսքի, գանձ երկնային շնորհների և բարեխոս մեղավորների. ես' Քո անարժան զավակդ, աղաչում եմ Քեզ, առաջնորդիր ինձ արցունքի այս հովտում, որ Քո Որդու թանկագին Արյունը լինի քավություն իմ բազում մեղքերին: Ամեն»: