Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հայ ժողովրդի սիրած տոներից մեկն է: ԱրարատյանՀայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին բոլոր եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ:
«Հայ առաքելական եկեղեցին ունի Աստվածամորը նվիրված 7 տոն»,- սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Արթենյանը նշեց, որ Աստվածամոր ծնողները՝ Հովակիմը և Աննան զավակներ չեն ունեցել, և երբ Հովակիմը որոշում է տաճարում զոհ մատուցել, քահանայապետը արգելում է նրան դա անել, քանի որ Քրիստոսի ժամանակաշրջանում հրեական պատկերացումների համաձայն՝ այն ընտանիքը, ով երեխա չուներ, մեղքերի պատճառով անիծված էր համարվում:
«Այդ պատճառով քահանայապետը արգելում է Հովակիմին առաջինը իր զոհը մատուցելու: Հովակիմը նեղսրտած գնում է լեռներ, որտեղ գիշեր ու ցերեկ աղոթում է և խնդրում Աստծուց իրեն զավակ պարգևել: Եվ այդ աղոթքները լսելի են դառնում, և ծնվում է Սուրբ Աստվածածինը: Նրան ընծայում են տաճարին, որտեղ Մարիամը կրթություն է ստանում: Աստվածամայրը արժանանում է Աստծու կողմից տիրոջ մայրը լինելու մեծագույն շնորհի»,- Նշեց Արթենյանը:
Ըստ Արթենյանի՝ Աստվածամոր կերպարի մեջ հայ ժողովուրդը առաջին հերթին տեսնում է սրբության, հավատքի և մայրության խորհուրդ: