Դեկտեմբերի 12-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշելու է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի'Արարատի, Մրգավանի և Քանաքեռի' սրբի անունը կրող երեք եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որի ավարտին նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և տոնական միջոցառումներ:

 

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի շնորհաբաշխ աջը: Այն եկեղեցում կլինի 10.30-ից մինչև 17.00: Այստեղ տոնական Ս. Պատարագը կմատուցի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը: Հավարտ Ս. Պատարագի նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և միջոցառում' երգի-պարի խմբերի մասնակցությամբ:

 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագը կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Երեմիա աբեղա Աբգարյանը: Հավարտ Ս. Պատարագի նախատեսվում է մատաղի հյուրասիրություն և համերգ' համայնքի երեխաների մասնակցությամբ:

 

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագը կմատուցի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Սերովբե ավագ քահանա Պետրոսյանը: Հավարտ Ս. Պատարագի նախատեսվում է մատաղի հյուրասիրություն:

 

Ս. Հակոբի պահք


Այս շաբաթապահքը թեև նախորդում է Ս. Հակոբի տոնին, սակայն սահմանված չէ սրբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։

 

Տարվա չորս եղանակների շաբաթապահքերն են՝ Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Եղիական, Վարագա Խաչի, Ս. Հակոբի պահքերը: Այս պահքերը կոչվում են նաև Եղանակային պահք:

 

ա. Մեծ պահոց երկրորդ շաբաթվա պահքը (մարտին) կոչվում է նաև Գարնանամուտի պահք: Մտնում է Մեծ պահոց շրջանի մեջ: Տևում է հինգ օր և տոն չունի:

 

բ. Եղիական Պահքը, լինելով ամառնամուտի (հունիս) պահք, կոչվում է նաև Ամռան պահք, իսկ ժողովրդական լեզվով՝ նաև «Թրթուրի պաս»:

 

Զատկից հետո առաջին շաբաթապահքն է: Կապ չունի Եղիա մարգարեի հետ, սակայն Եղիական է կոչվում, որովհետև շաբաթապահքի վերջին օրը հիշատակն է Եղիա մարգարեի: Տևում է հինգ օր և տոն չունի:

 

գ. Վարագա Խաչ ի Պահքն աշնանամուտին է (սեպտեմբեր), կոչվում է նաև Ս. Գևորգի Պահք, որովհետև շաբաթավերջը Ս. Գևորգի տոնն է: Այս Պահքն ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր:

 

դ. Ս. Հակոբի Պահք, եղանակների շաբաթապահքերից վերջինն է, սկսվում է ձմեռնամուտին (դեկտեմբեր): Զուգադիպում է ս. Հակոբի տոնին, այստեղից էլ՝ իր ժողովրդական անունը: Ունի սրբոց տոներ և տևում է հինգ օր:

 

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օր


Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն' Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը' դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին' հանդիպել Մարուգե ճգնավորին, ով հայտնի էր իր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը' տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Արարատի գագաթը բարձրանալիս՝ ճանապարհին նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը' մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:

 

Ս. Հակոբի տոնին նախորդում է շաբաթապահքը:

 

Արարատյան Հայրապետական թեմի' Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիները


Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի


Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1679թ. երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում, թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով: Ս. Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ /1144/, որն էլ համարվում է եկեղեցու կառուցման տարեթիվը: Ս. Հակոբ եկեղեցին թեմական եկեղեցի էր: 1868թ. եկեղեցուն կից սկսել է գործել Ս. Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը հիմնվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով: Ս. Հակոբ եկեղեցին եռանավ բազիլիկ է' աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից Ավագ Խորանով և դրան կից զույգ ավանդատներով: Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր: Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը պետական միջոցներով նորոգել է եկեղեցին: 1990թ. ի վեր Ս. Հակոբ եկեղեցին գործում է:

 

Արարատի Ս. Հակոբ եկեղեցի


Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866թ., Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Հանրապետական նշանակություն ունեցող այս հուշարձանը բազիլիկ շինություն է, որը երկու շարք երեքական մույթերով բաժանվում է երեք նավերի: Միջին նավն ավարտվում է կիսաշրջան խորանով, որի երկու եզրերին ուղղանկյուն ավանդատներն են: Խորանի աջ և ձախ կողմերում կամարակապ որմնախորշեր են, ձախակողմյան ավանդատան մոտ մկրտության ավազանն է: Թաղակիր կամարներն հենվում են մույթերի և որմնամույթերի վրա: Պատերը սվաղված են կրով: Եկեղեցին ունի երեք մուտք' հյուսիսից, արևմուտքից և հարավից: Կառուցվել է տեղական գորշ քարով:

 

Գյուղ Մրգավան, Ս. Հակոբ եկեղեցի


19-րդ դարավերջին, 1896թ., Պարսկաստանից այստեղ ներգաղթել է մոտ 50 հայ ընտանիք: Եկեղեցին կառուցվել է 1902-1905թթ. Տեր Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայում' Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոս) կողմից՝ հայ բնակչության խնդրանքով: Շինությունը պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին, բաժանված է երեք նավի: Բեմն առանց հարդարանքի է: Եկեղեցու գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ' բազմանիստ թմբուկով և վեղարով: Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով: Եկեղեցին ունի երկու մուտք' արևմուտքում և հարավային մասում, որոնք առանց դռների են: Արևմտյան շքամուտքին կից զանգակատունն է: Տարածքը ցանկապատված է: Եկեղեցին վերականգնվել է 1981թ., Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի անմիջական աջակցությամբ: