Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց, ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վ արագա Սուրբ Խաչ անունով: Եկեղեցական այս տոնը մեր եկեղեցին միշտ տոնում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն' սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

 

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն, Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հուշարձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Ս. Հռիփսիմեն իր կրծքից կախված Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես թաքնված մնում է մինչև Է դարը:

 

653թ.-ին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Ս. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշ խարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

 

Ժամանակի Ներսես Գ Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն էլ, իմանալով այս մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ Հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Ս. Նշան: Ներսես Գ Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգվում է տոնի օրը: Սրբազան այդ մասունքը մինչև 1021թ. մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Վերջինիս մահից հետո այն նորից փոխադրվում է հին տեղը և այդպես մնում մինչև 1651թ., երբ գերի է տարվում Խոշաբ: Սակայն 1655թ. ազատվելով՝ զետեղվում է Վանի Ս. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Ս. Նշան, ուր և պահվում էր մասունքը մինչև 1915թ.: