Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշում է սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:
«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց, փորձության ջրից, օձերի խայթոցներից, Կորխի ապստամբությունից և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը և մանանայի պակասելը, քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանաց հաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների:
Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից դեպի պիտանություն ու առաքինի վարք:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:
Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:
Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով' հռչակում ենք մեր փրկությունը»: Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Սբ. Պատարագ: Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Մատուցվում է Հայրապետական Ս. Պատարագ, որի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի առիթով Հայրապետական իր պատգամն է ուղղում աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին: