Այսօր՝ այս տարի դեկտեմբերի 27-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Պետրոս Եւ Սուրբ Պողոս Առաքյալների հիշատակության օրը։ Նրանք քրիստոնեության տարածման մեջ ունեին ամենակարևոր դերակատարումը, այդ պատճառով էլ երկու սրբերը առանձնացվում և հատուկ են մեծարվում։
Սուրբ Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի տնօրինական խորհուրդների:
Առաքյալներից ամենաշատ պահպանված տեղեկություններն հենց նրա մասին են: Այս առաքյալին առաջին անգամ տեսնում ենք Հովհաննեսի Ավետարանում, երբ Քրիստոս նրա մասին ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. Ա 42): «Կեփաս» նշանակում է «վեմ», հունարեն՝ Պետրոս: Երբ Պետրոսը Հիսուսին առաջին անգամ իր նավակում ընդունեց, Նրա հրամանով ուռկանը կրկին անգամ ծովը նետեց և ուռկանը պատռվելու աստիճան ձկներով լցվեց, Պետրոսը անդրադարձավ Նրա գերբնական զորությանը և անկեղծորեն զգալով նրա նկատմամբ իր անարժանությունն՝ ասաց. «Իմ մոտից հեռացի՛ր, Տեր, ես մի անարժան մարդ եմ»: Հիսուսը նրան սրտապնդելով ասաց. «Մի՛ վախեցիր, սրանից հետո երկնքի արքայության համար մարդկանց որսորդ պիտի լինես»:
Պետրոսի մեծության գագաթը իր դավանությունն է, որ Քրիստոս «Մեսիան է և Աստծո Որդին», որի համար Հիսուս երկրորդ անգամ նրան «վեմ» կոչեց: Սակայն, իր փառքի գագաթնակետին, Պետրոսն արձանագրեց իր անկումներից մեկը: Պետրոսն էլ իր ժամանակակիցների նման գրեթե նույն սխալ ըմբռնումն ուներ Մեսիայի մասին: Երբ Հիսուսը հաստատում է, որ հակառակ իր Մեսիա և Աստծո Որդի լինելուն, պիտի չարչարվի և Իր ազգի մեծամեծների կողմից պիտի սպանվի, իր առաջին հաջողությունից քաջալերված, Հիսուսի մի կողմ է տանում և Նրան միայն բարիք ցանկացող բարեկամի անկեղծությամբ սկսում համոզել, որ այդպիսի գաղափարներն Իր մտքից հանի: Քրիստոսը շրջվում է Պետրոսի կողմը և նայելով նրա աչքերի մեջ ասում. «Ետև՛ս գնա, սատանա՛, դու գայթակղություն ես ինձ համար. որովհետև քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը» (Մատթ. 16:16-23): Պետրոսն իր կյանքի նվաստագույն օրն ապրեց Քրիստոսի ձերբակալման գիշերը, երբ երեք անգամ ուրացավ նրան: Ապա խորապես զղջաց և դառնորեն լացեց: Հիսուսը ներեց նրան և վերահաստատեց իր առաքելության մեջ: Հոգեգալուստից անմիջապես հետո նա է, որ հանուն իր ընկերների, բացատրում է այդ հրաշալի երևույթի իմաստը: Պետրոսը տալիս է քրիստոնեական առաջին քարոզը և Քրիստոսի հարության առաջին վկայությունը, այսպիսով շահելով, երեք հազար նորադարձների երախայրիքը: Որոշ ժամանակ անց Հերովդես թագավորի կողմից ձերբակալվեց և բանտարկվեց, բայց Աստվածային միջամտությամբ նույն գիշերն ազատվեց բանտից:
Նոր Կտակարանում հիշատակվում են շատ այլ գործիչներ, որոնց նույնպես տրվում է «առաքյալ» պատվանունը: Նրանցից մեծագույնը Սուրբ Պողոս առաքյալն է: Թեև, Պողոսը Հիսուսին տարեկից է, սակայն ոչ մի նշում չկա Ավետարաններում, որ նա Հիսուսին Նրա կենդանության օրոք տեսած լինի: Պողոսի հրեական անունը Սավուղ է: Պողոսը երեք մշակույթների կրողն էր: Ծնունդով և կրոնով հրեա էր, ուսումով և լեզվով՝ հույն, քաղաքացիությամբ՝ հռոմեացի: Իր ամբողջ հնարավորությունները և կարողությունները ի սպաս դրեց Աստծո արքայության քարոզչությանը: Արդարացիորեն և իրավացիորեն եղավ «Ծառա Հիսուս Քրիստոսի», ինչպես որ սիրում էր կոչել ինքն իրեն՝ նամակներում: Պայքարում էր հրեական ձևապաշտության դեմ՝ բազմիցս ենթարկվելով շարունակական հալածանքների և չարչարանքների: Շուրջ հինգ տարի բանտարկության մեջ է անցկացրել Երուսաղեմում, Կեսարիայում և Հռոմում, հինգ անգամ գանակոծության է ենթարկվել և շարունակ տաժանակիր և հոգնեցուցիչ ճամփորդությունների մեջ եղել:
Երկու սրբերն էլ իրենց գործունեությամբ քրիստոնեությունը դուրս հանեցին Իսրայելի սահմաններից դարձնելով այն համաշխարհային։ Զուր չէ, որ Աստվածաշնչի «Գործք առաքելոցը» սկսվում է հենց այս երկու առաքյալների մասին պատումներով։
Երկու առաքյալների հիշատակության օրը մեզ համար ևս մեկ առիթ է՝ խորհելու, թե ինչպես հալածողի դերից կարող ենք դառնալ քրիստոնեության, Քրիստոսի խոսքի քարոզողներ։ Երկու առաքյալները մեզ համար օրինակ են ամենավատ պահին կանգ առնելու և Քրիստոսի խոսքին ապավինելու։ Նրանք էին, որ իրենց անձով թարգմանեցին Քրիստոսի խոսքը՝ դարձան վեմը, որի վրա վեր հառնեց մեր Եկեղեցին։