Սբ. Հարության տոնի հաջորդ շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 

Հիսուս Քրիստոսին մկրտողի և Նրա գալուստն ավետողի՝ Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությունն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս և Մարկոս ավետարանիչները (Մատթ. 14:1-12, Մարկ. 6:14-29): Ըստ ավետարանիչների, Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին եղբոր կնոջը՝ Հերովդիային, հափշտակելու և կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենա: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:

 

Սբ. Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ սռաքելական եկեղեցու մեծագույն սուրբն է: Սրբի անունը, իբրև բարեխոսի, ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը՝ Սբ. Աստվածամոր անունից հետո: Ըստ ավանդության՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում սրբի մասունքներից և ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր և հետագայում կառուցվում է նշանավոր Սբ. Կարապետի վանքը:

 

Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավատացյալների բարեխոս սուրբն է և յուրաքանչյուր հավատացյալ, իր աղոթքներով դիմելով այս սրբին, նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությամբ: