Շուշիի ազատագրման 22-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձի տոնը հանդիսավորությամբ նշվեց Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ գործադիր մարմնի ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին:

 

Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը բոլոր վետերաններին նախ մաղթեց առողջություն ու երկար տարիների կյանք: «Մենք բարձր ենք գնահատում նրանց ներդրումը, քանի որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Մենք միշտ էլ մեծ հարգանքի ենք արժանացնելու նրանց, մենք՝ իշխանություններս, պարտավոր ենք հարգել նրանց անցած ճանապարհը: Ցանկանում ենք առողջություն և երկար տարիների կյանք»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ որքան էլ կառավարությունը հարգի ու աջակցի վետերաններին, միևնույն է' քիչ է լինելու:

 

Զբոսայգում տեղի ունեցած զինվորական շքերթից հետո վարչապետը և բարձրաստիճան պաշտոնյաները վետերանների հետ մասնակցեցին զինվորական վրանային ճաշին: