Արդեն 22 տարի է, ինչ Մայիսի 9-ը Հայաստանում նշվում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, այլև մեր նոր գոյամարտի մեծագույն ձեռքբերումներից մեկի' Արցախի բերդաքաղաք Շուշիի ազատագրման օր, ազատագրում, որը հայ ժողովրդի համար սոսկ հաղթանակ չէր, այլ բազմաթիվ արժեքների վերադարձ: Մայիսի 9-ի տոնական օրը հերթական անգամ մեծ խանդավառությամբ նշվեց մարզում: Ինչպես միշտ, մարզկենտրոն Իջևանում Հաղթանակի ու խաղաղության տոնին նվիրված միջոցառումների շարքն սկսվեց հարգանքի տուրքով:
Մարզի ղեկավարությունը' մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, զինվորներ ու սպաներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հասարակայնության ներկայացուցիչներ առաջինն այցելեցին Մեծ հայրենականում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին հուշարձան-կոթողին: Այնուհետև տեղի ունեցավ զինվորական շքերթ Իջևանի գնդի ստորաբաժանումների մասնակցությամբ: Իսկ զինվորները հանդես եկան մարտական հնարքների ցուցադրման իրենց իմացությամբ ու հմտությամբ' հիացմունքի ու հպարտութ յան զգացումով լցնելով բոլորի սրտերը: Տոնական օրվա միջոցառումների շարքը շարունակվեց քաղաքի մշակույթի տանը: Տոնի կապակցությամբ ներկաներին շնորհավորեցին Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, գնդի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը:
Օրվա առթիվ կենդանի լեգենդ, ազատամարտիկ Արծրուն Լազրի Ճաղարյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեց ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով: Մեդալը ազատամարտիկին հանձնեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Միջոցառման հանդիսավոր մասը եզրափակվեց տոնական համերգով: