Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկը' Տեառնընդառաջը, շուքով նշվեց Գեղարքունիքի մարզի մայր եկեղեցում եւ մնացած բոլոր գործող եկեղեցիներում ու հազարավոր ընտանիքիներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, փետրվարի 13-ի երեկոյան Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում վառված Տեառնընդառաջի կրակի շուրջ համախմբվեցին քաղաքի երիտասարդներն ու մանուկները, մանկատան ու դպրոցների սաները' օրն իմաստավորելով Տեառնընդառաջի տոնին նվիրված երգերով ու պարերով, ավանդական ծեսերով: Թեմի առաջնորդի օրհնությունը ստացան եւ կրակի շուրջ պտտվեցին ամուսնական յոթ զույգ:
Մայր եկեղեցու բակում վառված կրակից իրենց բնակարանների բակեր տարան եւ Տեառնընդառաջի ընտանեկան կրակները բոցավառեցին բազմաթիվ տարեցներ ու երիտասարդներ:»Տեառնընդառաջի տոնը շուքով նշվեց մարզի բոլոր գործող եկեղեցիներում ու բնակավայրերում, առավելապես' պսակադրության առաջին տարվան համընկնող ընտանիքներում: Մարդիկ հոգեբուխ են տոնում ավանդական ազգային տոնը' գալիքներին նայելով խորունկ հավատով ու հույսով: Ցատկելով կրակի վրայով' ամուսնական բազմաթիվ զույգեր ու մարդիկ անցյալում թողեցին հոգսերն ու անհաջողությունները' ակնկալելով երջ անիկ, խաղաղ ու ստեղծագործ ժամանակներ»,-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:
Խոսրով Խլղաթյան