Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է գտնվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրան ուղեկցել են Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Երևանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վ.Պ.Ֆեֆիլովը:
Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունելով ՌԴ դեսպանին, կարեւորել է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։
Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:
Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Կողմերը նշել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության պահպանմանն ուղղված քայլերը։
Այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՌԴ դեսպանին ուղեկցել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը եւ բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։
Այնուհետ մարզպետի ուղեկցությամբ հյուրերը եղել են նաև Վարդաձորի «Ռուսական կենտրոն»-ում և Սեւանի թիվ 6 դպրոցում, որտեղ գործում է ռուսաց լեզվի դասասենյակ։ Կենտրոնի սաները ցուցադրել են իրենց գիտելիքները Ռուսաստանի և նրա պատմության մասին, իսկ դպրոցի սաները ներկայացրել են ռուս-հայկական բարեկամությանը նվիրված երաժշտական համարներ։