Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս համայնքի Սոթք եւ Կութ բնակավայրեր' 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի ընթացքում հրետակոծված բնակարանների եւ շենք-շինությունների վերականգնման աշխատանքները դիտարկելու նպատակով, այցի ընթացքում Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սոթք բնակավայրի ղեկավար Սեւակ Խաչատրյանը, Կութ բնակավայրի ղեկավար Գրիգորի Ավագյանը։
Մարզպետն անձամբ այցելեց վերականգնված կամ վերանորոգման ընթացքի մեջ գտնվող բնակարաններ, զրուցեց բնակիչների եւ շինարարների, «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցչի հետ, տեղում դիտարկեց բնակարանների, շենք-շինությունների վերականգնման ընթացքը, քննարկեց ի հայտ եկած խնդիրները։
Մարզպետը տեղեկացրեց Սոթքի եւ Կութի վարչական ղեկավարներին եւ բնակիչներին, որ ՀՀ Կառավարության կողմից արդեն հատկացվել է եւս 20 միլիոն դրամ' Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում իրականացվող վերականգնման աշխատանքների նպատակով։
«Շնորհակալ ենք բոլոր այն կառույցներից, որոնք մեզ ամեն կերպ սատարեցին, հուսադրեցին ու քաջալերեցին, նաեւ բավարար միջոցներ հատկացրին' մեր քանդված բնակարանները վերականգնելու նպատակով։ Եվ մենք մեզ ոգեւորված, երջանիկ ենք զգում, որ նորից վերադարձել ենք մեր տները եւ զբաղվում ենք առօրյա աշխատանքով եւ հոգսերով։ Մեր բնակարանները դարձել են ավելի նորոգ ու բարեկարգ, մենք ամրացած ենք մեր հողի վրա եւ որեւէ այլ տեղ բնակվելու վայր փնտրելու մտադրություն չունենք»,-ասացին Սոթք գյուղի բնակիչներ Գրետա Մելքումյանը եւ Մարիետա Աթայանը։
Այցի ավարտին Կարեն Սարգսյանը խոսեց դիտարկումից ստացած տպավորությունների եւ հետագա անելիքների մասին։
«Դեկտեմբերի 23-ի դրությամբ վերականգնման աշխատանքները հիմնովին ավարտված են 55 բնակարանում, 63 բնակարանում՝ ընթացքի մեջ են։ Այսքանը հաջողվել է իրականացնել ՀՀ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամի հաշվին, վերջին երեք ամիսների ընթացքում։ Վերականգնման մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ «Տաշիր» հիմնադրամի տրամադրած միջոցներով։ Կարելի է ասել, որ տարեմուտից մեկ շաբաթ առաջ արդեն բնակարանների վերականգնման գործընթացն ավարտվել է շուրջ 90 տոկոսով։ Կառավարության կողմից հատկացված 50 միլիոն դրամն ամբողջությամբ իրացվել է, իսկ նոր հատկացված 20 միլիոն դրամը կծախսվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Վերականգնվել կամ հիմնանորոգվել են բնակարանների տանիքները, պատերը, պատշգամբները, հատակները, տեղադրվել են նոր դռներ եւ լուսամուտներ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 35 ընտանիքի հատկացվել են արեւային ջրատաքացուցիչներ։ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի միջոցներով նոր պատուհաններ եւ դուռ է տեղադրվել Կութի վարչական շենքում եւ բուժկետում, որոնք եւս տուժել էին հրետակոծությունից։ Մեզ հաջողվեց սահմանել վերահսկողության եւ կազմակերպչական այնպիսի մեխանիզմներ, որ հատկացված պետական միջոցները բացառապես ծախսվեն հասցեական, արդյունավետ եւ նպատակային։ Հիմնականում գոհ եմ իրականացված աշխատանքից, աշխատանքների ներկա ընթացքից։ Շատ ուրախացնող է, որ բնակիչների շուրջ 90 տոկոսը վերադարձել են իրենց տները եւ անցել բնականոն կյանքի։ Անելու ենք հնարավորը, որ մնացած ընտանիքները եւս վերադառնան իրենց տներ։ Հրետակոծությունից հիմնովին ավերված 4 բնակարանները, որոնք ենթակա չեն վերականգնման, կկառուցվեն հիմքից»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։