Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը»: