Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ամբողջ ընթացքն ավարտվել է: 201 մարմին նույնականացվել է: Այս մասին հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 13-ից հետո չնույնականացված մարմիններ չկան:
«44 օրյա պատերազմից հետո մենք չնույնականացված դիերի հետ կապված երկու փորձաքննություն ենք իրականացրել նաև Հոլանդիայում: Այդ փորձաքննությունների պատասխաններն արդեն իսկ ստացել ենք , բայց դեռ ունենք մասունքներ, որոնք, ցավոք սրտի, այնտեղ էլ hնարավոր չի եղել նույնականացնել: Մեր կողմից փորձաքննության ենթարկված մարմիններից 60-ից ավելին տարվել են արտերկիր, որոնք այնտեղ ևս նույնականացվել են»,-ասաց նա, հավելելով, որ կան նույնականացված դիեր, որոնք չեն հուղարկավորվել: