Գեղարքունիքի մարզում կա 116 դպրոց 27 հազար 551 աշակերտով, որից լավ վիճակում է գտնվում 13-ը, միջին վիճակում՝ 65-ը, անբավարար վիճակում՝ 32-ը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 28-ին, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվության ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ, իրավիճակը ներկայացնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում իրականացվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը (267.2 մլն դրամ), 28 դպրոցների բյուջեների տնտեսված միջոցների հաշվին ձեռք է բերվել գույք և իրականացվել շինարարություն (79.6 մլն դրամ), անհետաձգելի ծրագրերով հանրակրթական դպրոցների գույք և սարքավորումներ են ձեռք բերվել (171.7 մլն դրամ): Պատասխանատուները նաև ներկայացրել են, որ 2022-2023 ուսումնական տարում 2503 ուսուցչից հերթական ատեստավորում անցել է 1582-ը, կամավոր ատեստավորում անցել է 80-ը, տարակարգ ունի 37 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը կտրուկ աճել է' գերազանցելով 400 հազար դրամը:
Ներկայումս մարզում Քաղաքաշինության կոմիտեի կողմից կառուցվում է 4 դպրոց և 1 մանկապարտեզ: Եվս երկու դպրոց կառուցվում է ՏԿԵՆ-ի կողմից: Մինչ 2025 թվականը մարզում նախատեսվում է կառուցվել 26 դպրոց:
Խորհրդակցության ժամանակ Կառավարության ղեկավարին նաև տեղեկություններ են տրամադրվել մարզում գործող նախակրթարանների և մանկապարտեզների մասին: Ըստ այդմ՝ մարզում գործում է 52 մանկապարտեզ, որն ունի 3 հազար 732 սան և 53 նախակրթարան' 1129 սանով: 2023 թվականի սեպտեմբերից կգործի 8 նախակրթարան, որը կունենա 200 սան: 2022 թ. մարզում կառուցվել է 5 մանկապարտեզ, հիմնանորոգվել 10-ը, վերանորոգվել 3-ը, նախատեսվում է մինչև 2026 թ. ևս 22-ում իրականացնել շինարարական աշխատանքներ: