ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ուղերձում ասվում է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,                   

 

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները մեր ժողովուրդների համար առանձնահատուկ տոնի՝  Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս տարեթիվն ընդմիշտ գրանցված է մեր պատմության մեջ: Մարտի դաշտում ուս ուսի հերոսաբար կռվող  և թիկունքում անձնազոհաբար աշխատող մեր հայրերի ու պապերի՝ հաղթողների սերնդի անմահ սխրանքն իր վճռորոշ ներդրումն ունեցավ ֆաշիզմից աշխարհն ազատագրելու գործում:

Մեր ժողովուրդների եղբայրական բարեկամությունը, որն ավելի էր ամրապնդվել պատերազմի դաժան տարիներին, ամուր հիմք է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների համար, որոնք անփոփոխ զարգանում են դաշնակցային փոխգործակցության հունով՝  ի շահ ապագա սերունդների:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, խնդրում եմ Ռուսաստանում բնակվող վետերաններին քաջառողջության ու բարօրության, իմ խորին երախտագիտության խոսքերը, իսկ ռուսաստանցիներին՝ խաղաղություն ու բարգավաճման մաղթանքները փոխանցել»: