ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր:

 

 

Նույն օրը Հանրապետության հրապարակարում ևս կանցկացվի տոնական մեծ համերգ և հրավառություն՝ 70 համազարկով: Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին:

 

 

Տարվա ընթացքում կկազմակերպվի գիտագործնական կոնֆերանս, կհրապարակվեն ակադեմիական հոդվածներ, «Մայր Հայաստան» և հանրապետության մյուս թանգարաններում Հայրենական Մեծ պատերազմի թեմայով կանցկացվեն հոբելյանական ցուցահանդեսներ, հուշ- ցերեկույթներ, կտպագրվի նաև հոբելյանական գրականություն: Երևանում և մարզերում կցուցադրվեն Հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական մրցույթ:

 

 

Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», որի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում:

 

 

Տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաև առողջարանների և հանգստյան տների ուղեգրերով:

 

 

Նիստին ներկա «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վետերանների ամենամսյա պատվո վճարը կրկնապատկելու ՀՀ կառավարության ընդունած որոշման համար և նշել, որ այն խանդավառությամբ է ընդունվել վետերանների կողմից:

 

 

Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: