Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է տեղեկատվություն Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրության, ընդհանուր դինամիկայի, վարակված անձանց առողջական վիճակի վերաբերյալ:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին: Նա նշել է, որ ՏՏ գործիքակազմը, մասնավորապես, տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները: Զեկուցվել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ' Չինաստանից Հայաստան չվերթով ՀՀ առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով: Տ. Ավինյանը նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները: Քննարկվել են տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին, վերահսկողության մեխանիզմներին և մի շարք այլ հարցերի: