ՀՀ ԱԳՆ-ում մարտի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպ անության նախարար Արամայիս Գրիգորյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Նախագահի և կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և Մատենադարանի ներկայացուցիչներ:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։