Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագիծը:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ հանձնաժողովի՝ նոյեմբերի 24-ին կայացած նիստում փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել էին առարկություններ, որից հետո աշխատանքային ընթացակարգով քննարկվել ու ընդունվել են բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Քննարկումների արդյունքում հայտարարության նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Ի գիտություն են ընդունվել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով ուղարկված փաստաթղթերը: