Հայ արիական միաբանությունը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ուղերձում մասնավորապես ասված է.
«1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը: Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները:
Հայկական երկու հանրապետությունները գործում են որպես անկախ պետություններ, սակայն միահյուսված են բոլոր առումներով: Երկուստեք ընդունել են նաեւ վերամիավորման որոշումներ, ինչը հաշվի առնելով է Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ հայտարարել, որ իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով ճանաչում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ Արցախը համարելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը:
Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները այս որոշումն ընդունել են ինչպես հիմնվելով ՀՀ եւ ԼՂՀ օրենսդիր մարմինների որոշումների վրա, այնպես էլ առաջնորդվելով ազգային ու միջազգային, բնական, պատմական եւ իրավական իրավունքներով:
Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերություններ, կամքի ու գենետիկ կանչի դրսեւորման, հայ նախնյաց ու սրբազան նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:
20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց (Կիլիկյան Հայաստանով պետականության գաղափարը վերականգնվեց), ցեղասպանվելուց եւ տարաբնույթ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց ազգային ու տարածքային միասնության՝ Հայկական լեռնաշխարհում միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:
Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ սկիզբ են դրել հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն,Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման: Եվ պաշտոնական Երեւանը պետք է այն հաստատի իրավական որոշմամբ: Միայն այսպես աշխարհը կխորհի հայկական պետությունների այլեւս անբաժանելի լինելու մասին:
Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին Հայ արիականներն ու հեթանոս-արիադավան ազգայնականները մաղթում են, որ հայությունÕ ¨ հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:
Ազատությունն ու անկախությունը բնատուր երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՛ծ հայրենիքում… Սա՛ է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու, հարատեւելու»: