Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն տնտեսական ճգնաժամ է կանխատեսում երկրում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ANS հեռուստաալիքի «Հեսաբաթ» ծրագրում ունեցած ելույթում ներկայում համաշխարհային շուկայում նավթի գներն ընկնելու պատճառով առաջիկայում Ադրբեջանում նավթից ստացվող եկամուտները կարող են 2 մլրդ դոլարով կրճատվել:

 

«Չնայած նավթի գների անկման հավանականությանը' Ադրբեջանի անցյալ տարվա պետբյուջեում նավթի գինը հաշվարկվել էր մեկ բարելի դիմաց 100 ԱՄՆ դոլար: Նավթի գինն արդեն ընկել է մեկ բարելի դիմաց 90 ԱՄՆ դոլարից ցածր: 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մենք 90 դոլար ենք հաշվարկել' ելնելով այն բանից, որ հատկապես ձմեռվա ամիսներին համաշխարհային շուկայում նավթի գինը կբարձրանա, այդ պատճառով, պետբյուջեում նավթի գինը 90 դոլարի մակարդակի լինելն առայժմ Ադրբեջանի տնտեսության համար որեւէ վտանգ չի ներկայացնում: Այդուհանդերձ, եթե նավթի գինը կազմի 90 դոլար, ապա Ադրբեջանի եկամուտները, նախկին տարիների համեմատ, կարող են 2 մլրդ դոլարով կրճատվել», -ասել է նա: Զ.Սամեդզադեն նաեւ «համոզմունք» է հայտնել, որ նավթի համաշխարհային գինը չի կարող իջնել 60 դոլարից ցածր, ինչն աղետալի հետեւանքներ կունենար Ադրբեջանի համար:

 

Մեկնաբանելով այն հարցը, որ Ադրբեջանի պետբյուջեն 2015 թվականին կարող է կրճատվել մինչեւ 20 մլրդ մանաթ' այն դեպքում, երբ այն 2013 թվականին կազմել էր 25 մլրդ մանաթ, Սամեդզադեն ասել է. «Աշխարհում պարբերաբար նավթ, ոսկի եւ քարածուխ արդյունահանող երկրներ չկան: Ադրբեջանում նավթի հաշվին ձեւավորվող ներքին համախառն արտադրանքը վերջին երեք տարում 5 մլրդ մանաթով կրճատվել է: Մենք պետք է լրջորեն վերահսկենք նավթից ստացվող եկամուտների հաշվին մեր ծախսերը: Չպետք է ավելորդ ծախսեր, ներդրումներ թույլ տանք: Դա որոշվել է Ադրբեջանի նախագահի կողմից», -ասել է նա: