Ազգային ժողովում շարունակվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումները:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ներկաներին հիշեցրեց, որ մեկ տարի առաջ Վիլնյուսում պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, որին ՀՀ իշխանություններն էլ էին իրենց հավանանությունը տվել, սակայն մեկ գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը որոշեց միանալ ՄՄ-ին.
«Հետո պարզվեց, որ ՄՄ-ի կարիք չկա, պետք է լինի ԵՏՄ, որի քննարկումներն էլ հիմա անում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ-ն այս քսան տարվա ընթացքում պուտինյան ղեկավարության չեքիստական պետության է վերածվել.
«Այդ անդամակցությունը որևէ օգուտ մեզ չի տալու, այս պետությունը մեզ համար հուսալի տնտեսական գործընկեր չի կարող լինել, այդ պետության օլիգարխներն ուղղակի բազմապատկվում են, իր ժողովրդի համար էլ է դարձել չարիք: Փաստորեն, ՀՀ-ն թույլ է տալիս ՌԴ-ին, Բելառուսին ու Ղազախստանին ազատ մուտք ունենալ մեր սահմանին: Այս գործընթացի հեղինակ Սերժ Սարգսյանը պետք է ճանաչվի որպես պետական դավաճան»,- ասաց պատգամավորը:
Վերջինս հորդորեց բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել այս համաձայնագրին. «Ովքեր դեմ չքվեարկեն, նույնպես կգիտակցվեն որպես պետական դավաճաններ»,- ասաց Փոստանջյանը, ինչից հետո նախագահող Վարդան Այվազյանը հորդորեց կոռեկտ խոսել:
«Հիմա արդեն բոլորը հասկացան, թե ինչ վիճակում ենք աշխատում»,- ասաց Վարդան Այվազյանը:
«Էդ էլ մեր դժբախտությունն ա, ի՞նչ անենք»,- արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: