Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից: Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 

«Եթե մի փոքր հեռվից նայենք աշխարհի քարտեզին, կտեսնենք, թե որքան վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե մենք ընտրեինք բաժանարար գծերի քաղաքականությունը: Ի պատիվ մեր երկրի ղեկավարության՝ Հայաստանի վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությունը հնարավորություն է տալիս հետագայում շատ հեշտ լուծել ծագող խնդիրները թե' տնտեսական, թե' ինստիտուցիոնալ բարեփոխումների, թե' անվտանգության ապահովման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

 

Նրա խոսքով' հարկավոր է լավագույնս օգտվել այն հանգամանքից, որ Հայաստանը ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու, իսկ Վրաստանը՝ Եվրոպական Միության հետ ասոցացման ուղին:

 

«Մենք կարող ենք Վրաստանի հետ սահմանը դիտարկել որպես սահման Եվրոպական միության հետ, իսկ Վրաստանը մեզ հետ սահմանը կկարողանա դիտարկել որպես սահման Եվրասիական տնտեսական միության հետ»,- նշեց Զաքարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում բոլոր հակասությունները կվերանան և գերակայելու են միայն տնտեսական շահերը, իսկ ԵՄ-ն և ԵՏՄ-ն կգնան սերտ համագոր ծակցության ճանապարհով, ինչից էլ լավագույնս կարող է օգտվել նաև Հայաստանը:

 

Պատգամավորը նկատեց, որ Հայաստանը ԵՏՄ-ում պետք է ունենա սեփական օրակարգը: Նրա խոսքով՝ պետությունը պետք է ստեղծի բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանի բիզնեսն իր ուրույն տեղն ունենա ԵՏՄ հսկայական շուկայում:

 

«Վստահ եմ, որ 2015թ. հունվարի 2-ից ոչ թե միանգամից ավելանալու են մեր կարողությունները, այլ ստեղծվելու է տնտեսական միասնական միջավայր, որտեղ տնտեսական մեծ հորիզոններ են լինելու ակտիվ և շահավետ տնտեսական համագործակցության համար»,- եզրափակեց Զաքարյանը: