ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով:
Այն նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշվում է ՀՀ կենտրոնական բանկի տարածած հայտարարության մեջ:
«Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը»,- գրված է հայտարարության մեջ:
Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435 դրամի: Նախորդ օրվա նկատմամբ դոլարը թանկացել է 16.6 դրամով: