Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը, որը կարևոր նախապայման է ապագայում ցեղասպանությունները կանխելու գործում: Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

 

«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացվել է Օսմանյան թուրքերի կողմից հայ, հույն և ասորի բնակչության նկատմամբ: Ոճրագործությունը կանխարգելելու և մեղավորներին պատժելու անկարողությունը բերել է մեր ժամանակներում ցեղասպանության կրկնությանը:

 

Առաջին աշխարհամարտի տարիների զանգվածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկվել Նյուրնբերգյան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղավորների հանդեպ կամ զոհերի իրավունքների վերականգնման և փոխհատուցման ընթացակարգ չի իրականացրել:

 

Արդարադատության փոխարեն Թուրքիան օգտագործել է նավթին հասանելիության իր իրավունքները և օգտագործել աշխարհաքաղաքական կապիտալը, որպեսզի արգելի Հայաստանի համար Վուդրո Վիլսոնի նախատեսած տարածքային վերականգնումն ու փոխհատուցումը:

 

Թուրքական պետությունը, չկրելով պատասխանատվություն մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար, շարունակում է քաղել հանցագործության իր հարուստ պտուղները: Այդ պետության առաջնորդները, ովքեր աշխարհի կողմից խրախուսվում են իրենց անգործության համար, այսօր փորձում են կիրառել լռեցնելու քաղաքականությունը' արգելելով Միացյալ Նահանգներին և այլ երկրների կառավարություններին խոսել այս ոճրագործության մասին:

 

Առաջին ժամանակակից ցեղասպանության սարսափելի պատմությունները հեղեղել են «Նյու Յորք Թայմսի» առաջին էջերը 1915-ից սկսած: Միացյալ Նահանգների մարդասիրական արձագանքն այդ ոճրագործությանը դիսևորվել է Ամերիկյան կարմիր խաչի գործունեությունից սկսած մինչև «Ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույց կազմակերպության» քայլերը, որոնք մատնանշում են ԱՄՆ գլխավորությունը միջազգային մարդասիրության ոլորտում:

 

Սակայն մինչ այժմ աշխարհը ձախողել է ցեղասապանության մեղավորների պատժի իրականացումը, ինչը ցեղասպանությունների չկանխարգելման վտանգավոր նախադեպ է' խրախուսելով բռնակալների կողմից' Հիտլերից մինև ալ Բաշիր, զանգվածային սպանությունների մեթոդը որպես իշխանության և ուժի գործիք կիրառումը:

 

Գերմանական բանակը' դաշնակցելով օսմանյան Թուրքիայի հետ և տեսնելով Թուրքիայի' պատասխանատվությունից խուսափելը, այս կոտորածներից սարսափելի դաս է քաղել այն մասին, թե ինչպես աշխարհը պատրաստ է աչք փակել պատերազմի պատրվակի ներքո մի ամբողջ ռասայի ծրագրավորված ոչնչացման վրա: Համաշխարհային պատերազմում Ադոլֆ Հիտլեր անունով մի երիտասարդ գերմանացի զինվոր ավելի ուշ նշեց' «Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»' կազմակերպելով այն, ինչն այսօր կոչվում է Հոլոքոստ:

 

Մեր պատասխանն է, «ԱՅՈ, ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ ԴԱ»:

Մենք այլևս թույլ չենք տա բռնապետների հանցագործությունները' զուգորդված գերտերությունների ագահության, պաշարները յուրացնելու և մեր պատմությունը գրելու վերջիններիս հետաքրքրությունների հետ:

 

Չնայած ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիային և բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին' ներառյալ ԱՄՆ Կոտորածների կանխարգելման գործակալությանը, այս մարդածին հիվանդություններից ամենավատը շարունակում է տարածվել, որովհետև աշխարհի պատասխանը ցեղասպանությանը դիտարկվում է որպես քաղաքական ընտրություն, այլ ոչ թե բարոյական անհրաժեշտություն:

 

Պահանջելով Հայոց ցեղասպանության հարցի ճշմարտացի և արդար կարգավորում' մենք ասում ենք' ցեղասպանություններին Այլևս Երբեք չեն կրկնվելու: Մենք այլևս երբեք կողքից չենք հետևի, թե ինչպես են մարդիկ սպանվում որևէ ռասսայի, էթնիկ կամ կրոնական խմբի պատկանելու պատճառով' ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, նացիստական Եվրոպայում, Արևելյան Թիմորում, Ռուանդայում կամ Դարֆուրում:

 

Թուրքիայի ներսում արդեն կան քաջ ոգիներ, ովքեր քրեական հետապնդումների, հալածանքների և անգամ բռնության սպառնալիքի ներքո բացահայտորեն կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցել դրա համար: Շատ այլ թուրք քաղաքացիներ էլ կիսում են այս մարդասիրական արժեքները, սակայն դեռևս չեն բարձրաձայնում դրա մասին' վախենալով կառավարությունից, որն արդեն երկար ժամանակ է' խոչընդոտում է խաղաղությանը, որը կարող է լինել միայն ճշմարտության և արդարության միջոցով: Ժամանակն է կոտրել լռությունը:

 

Հարյուրերորդ տարելիցի հիշատակման հանդիսավոր արարողությունների շրջանակներում խնդրում ենք' միացեք մեզ և Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտության և արդարության համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջեք նրանց նախագահից և խորհրդարանից ընդունել Թուրքիայի Հանրապետության բարոյական և նյութական պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում:

 

Ձեր օգնության միջոցով, որպես Թուրքիայի ժողովրդի մարդասիրական համերաշխության ոգով ձեռնարկած պատմական քայլեր' սրտացավ կարեկցանքը և արդարությունը ոչ միայն կապաքինեն մեկ ցեղասպանության վերքերը, այլև առավել լայն իմաստով կներկայանան իբրև իրական փոխակերպող քայլ դեպի նոր փուլ' մի դարաշրջան, որը զերծ կլինի ցեղասպանությունից

 

Շնորհակալություն:

«System of a Down»