Մեր քաղաքական համակարգում ծրագրերը, գաղափարները գրեթե ոչինչ չեն որոշում: Երբ մարդիկ զանգվածաբար անդամագրվում են կուսակցություններին, նրանք ամենևին էլ ծրագրային կամ արժեքային ընտրություն չէ, որ կատարում են:
Օրինակ, ես շաբաթը մի քանի անգամ տպավորիչ տեսանյութեր եմ նայում, թե ինչպես են երիտասարդները տասնյակներով անդամագրվում հիմնականում ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին:
Երբ նայում եմ դահլիճում նստածների դեմքերին, ակնհայտ է, որ նրանցից մի քանիսին է հետաքրքրում, թե կոնկրետ կուսակցությունն ինչ դիրքորոշում ունի արտաքին քաղաքական կամ տնտեսական հացերում:
Վերը նշված կուսակցությունները ջահելներին գրավում են իրենց հնարավորություններով, առաջնորդների խարիզմայով, պաշտոններով, ֆինանսական ու այլ գայթակղություններով:
Հայաստանում ձևավորվում է նոր «կոմսոմոլ», որն իսկական՝ սովետական կոմսոմոլից տարբերվում է նրանով, որ իրեն չի ծանրաբեռնում «գաղափարական» կոչվող ավելորդությամբ:
Ավելի շուտ, այսօրվա «կոմսոմոլի» համար Լենինը, Մարքսն ու Էնգելսը նույնանում են Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի կերպարների ու նրանց հնարավորությունների և քսակների հետ: Մնացածը գրեթե սովետականի կրկնությունն է, երբ առաջխաղացման համար կարևոր էին ոչ այնքան պատրաստվածությունը, գիտելիքները, որքան քծնանքը:
Եթե սովետական կոմսոմոլը մի քանի տող անգիր էր անում Լենինից, շուտասելուկի պես կրկնում այն ու, կարևորը, անգիր հիշում էր ընկեր Բրեժնևի խոսքն՝ իր բոլոր ելևէջներով, ապա ժամանակակից «կոմսոմոլը» դրա անհրաժեշտությունը չունի. մեխանիկական քծնանքի անսպառ կարողությունը բավարար է:
Զավեշտի է հասնում, երբ տեսնում ես, թե ինչպես է «հանարապետականացած» կամ «բարգավաճած» որևէ ջահել լուրջ դեմքով ամեն նախադասության սկզբում կամ վերջում հնչեցում իր առաջնորդի անունը՝ «արևը ծագեց, արևը մայր մտավ»-ի տոնայնությամբ:
Ամենամեծ խնդիրն այն է, որ երիտասարդության «կոմսոմոլիզացիային» նպաստում են հենց կուսակցական բոսսերը՝ կուսակցությունները վերածելով անձնակենտրոն փակ համակարգերի, որոնց ներսում բացակայում են մրցակցության էլեմենտները, իսկ երաշխավորված առաջխաղացման համար պարտադիր է «գենսեկի դաբրոն»:
Երբ կուսակցությունում տեսնում ես մեծաթիվ երիտասարդների, հույսեր են ծնվում, որ սերնդափոխությունն իր հետ բերելու է քաղաքական նոր մշակույթ, մտածողություն: Մի քանի տարի անց այդ երիտասարդներին գտնում ես բյուրոկրատական հագուկապի, շարժուձևի մեջ ու համոզվում ես, որ ոչ թե նրանք փոխեցին համակարգը, այլ վերջինս ավելի երիտասարդացավ ու կայունացավ քաղաքական մտածողության գաղափարների, արժեքների, նույն այդ երիտասարդների էնտուզիազմի հաշվին:
90-ականների կեսերից Հայաստանում քաղաքականությունը պարտվում է՝ նույնանալով բազարային մտածողության, սնկի պես աճող տոնավաճառների ու սուպերմարկետների հետ: Դրա համար էլ հակամարտ կուսակցությունների մրցակցության հիմքում ոչ թե գաղափարներն ու ծրագրերն են, այլ՝ անդամների ուռճացված թվերը, քսակների պարունակությունը ու, որ ամենակարևորն է, քծնող երիտասարդների քանակը…
Սուրեն Սուրենյանց