Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ նախընտրական դաշինք կազմեն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու հնարավորությանը, Շարմազանովն ընդգծեց, որ Սեյրան Օհանյանն ինքն այս պահի դրությամբ որևէ հայտարարություն չի արել և այդ լուրերը դեռևս փաստարկված ու հիմնավորված չեն:
Իսկ, թե ինչու ՀՀԿ-ն չփորձեց Սեյրան Օհանյանին պահել իր թիմում և ընդգրկել իր ցուցակում, այն դեպքում, երբ միշտ իշխանությունը հայտարարում էր, որ նա ևս իր քաղաքական թիմից է, պատգամավորը հորդորեց Սերյան Օհանյանի վերաբերյալ հարցերն ուղղել հենց իրեն, ապա ավելացրեց՝ քանի դեռ նախկին նախարար Սեյրան Օհանյանը իր քաղաքական ծրագրերի մասին չի խոսել, իր քաղաքական տեսլականն ու ռազմավարությունը չի ներկայացրել, ինքը ոչինչ ասել չի կարող: «Եվ, քանի որ ես ինձ համարում եմ լուրջ մարդ, այս պահին որևէ գնահատական տալն իմ կողմից կլինի նոնսենս: Մենք ապրում ենք ժողովրդավար Հայաստանում և բազմակարծությունը համարվում է քաղաքական նորմ և շատ նորմալ է, որ բազում Արցախի հերոսներ լինեն քաղաքական դաշտում: Դա եղել է միշտ, կա ու կլինի, և պարտադիր չէ, որ նա լինի հանրապետական: Մենք ժողովրդավար բարեփոխումները չենք նախաձեռնել նրա համար, որ լինի միակուսակցականություն»,- ասաց նա:
Հարցին՝ Սեյրան Օհանյանը նեղացած է հանրապետականներից, Շարմազանովը հակադարձեց. «Նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»:
Հարցին՝ եթե Սեյրան Օհանյանը որոշի ընդդիմադիր դիրքերից պայքարել իշխանությունների դեմ, ինչպե՞ս կվերաբերվեն իշխանությունները դրան, պատգամավորն ավելացրեց, որ ինքը եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Քաղաքականության մեջ պայքարում են ոչ թե միմյանց դեմ, այլ՝ ծրագրերը: Իսկ սահմանադրական բարեփոխումների մեխը կայանում է նրանում, որ անձերի դեմ պայքարից պետք է տեղափոխվենք գաղափարների պայքարի»,- եզրափակեց նա: