««Ժառանգություն»-ն անժառանգ չի մնացել: Մեր հեռացած կուսակցականներին բարին ենք ցանկանում՝ չմոռանալով մեր անցած ճանապարհն ու կիսած հացը»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Արդյոք ճի՞շտ էր Սեյրան Օհանյանի հետ համախմբումը և արդյո՞ք նա պետք է քավարանով անցներ՝ դաշինք գլխավորելուց առաջ, հարցին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Սեյրան Օհանյանն ազգային հերոս է: Նա ունի հետագիծ՝ բացառապես պրոֆեսիոնալ զինվորականին բնորոշ, և նա այդ հետագծով է եկել, ուստի նրան քննարկելը տեղին չէ: Սեյրան Օհանյանը տեսնում է խնդիրները, որոնք առկա են բանակում և առաջարկում է դրանց լուծումները: Այո՛, Նա սխալներ ունեցել է. ես իրեն չեմ սրբացնում, բայց բացարձակ չեմ նաև ես. մարդը երբ իշխանության մեջ է, դա արդեն սխալ է, բայց երբ համեմատում ենք և դնում կշեռքի նժարին, տեսնում ենք, որ նախկին նախարարը դրական կերպար է»:

 

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ բանակն ապակուսակցական կառույց է, բանախոսն ասաց. «90-ականներից սկսած՝ իշխանությունն ասում է, որ ադմինիստրատիվ ռեսուրսը չի օգտագործելու, սակայն ականատես ենք եղել հակառակին»: