Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա սերունդն արժանի իրավահաջորդ է ավագ սերնդին: «Ինչպես Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի իրավահաջորդը մենք դարձանք, այնպես էլ այսօրվա սերունդը մեր հաղթանակ կերտած մարտիկների արժանի իրավահաջորդն է»:
Դիտարկմանը, որ այսօրվա տոնի ուրախությունը չեն կարողանում կիսել այլ հերոսներ, ինչպիսիք են օրինակ Շուշիի ազատագրման հրամանատար Սամվել Բաբայանը կամ Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Հարցը ո՛չ տեղին է, ո՛չ էլ դրան ես երբևէ կպատասխանեմ: Ձեր հարցը որոշակի ենթատեքստ ունի, որն այս տոնը մթագնելու ցանկությունն է, դրա համար ես չեմ պատասխանի»:
Հարցին, թե 2016 թվականի ապրիլից հետո ի՞նչ ձեռքբերումներ ունենք այսօր, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ապրիլյան գործողություններից հետո բավականին մեծածավալ աշխատանք է կատարվել: Այս պահին իրավիճակի հանգիստ լինելը կապված է զուտ հայ զինվորների կողմից կատարվող սխրանքներից, ԶՈւ-ում իրականացված բարեփոխումներից: Ապրիլյան գործողությունը մեզ համար որոշակի քննություն էր, եթե կարիք լինի նախապատրաստվելու ավելի մեծ ճակատամարտի»: