Ոչ մեկի հետ խնդիր չունեմ Ղարաբաղում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախի հերոս, նորաստեղծ «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մասին։
«Եթե մարդն ապրում է Ղարաբաղում, ինձ համար ինքը բարեկամ է։ Քաղաքական առումով մեր նպատակը նույնն է, բայց ունենք տարբեր ճանապարհներ»,-նշեց նա։
Խոսելով Սամվել Բաբայանի համար նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում մերժելու մասին՝ Արայիկ Հարությունյանն ասաց․ «Անկախ ինչպիսի դիրքորոշում էլ գրավեր պառլամենտը, ինքը հնարավորություն չէր ունենալու այդ օրակարգում տեղավորվելու, և մասնակցելու, դրա համար ինքն ընտրել է մյուս ճանապարհը՝ կուսակցություն է ստեղծել, կուսակցությամբ է մասնակցելու, որը մենք ողջունում ենք։ Պառլամենտական ընտրությունների արդյունքները ոչ պակաս կարևոր են, ինչ-որ տեղ ավելի կարևոր են, քան նախագահականինը, ինքն էլ գիտակցում է այդ ամենը և գնում է պառլամենտում նշանակալի մանսակցություն ունենալու ճանապարհով»։