Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի խորհրդարան է ներակայացրել մի օրինագիծ, որով առաջարկում է ընդունել Հայոց ցեղասպանության համար երկրի Նախագահ Ռեջեփ Էրդողանի' հայերից ներողություն խնդրելու մասին առաջարկը: Ընդ որում ներողությունը նա պետք է խնդրի պաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետության անոունից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ermenihaber.am-ը, առաջարկվող օրինագծի համաձայն' Թուրքիայի Նախագահը պաշտոնապես ներողություն պետք է խնդրի խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում Նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը:

Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները: Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

 

Պատգամավորը Հայոց ցեղասպանության հետ միասին իր օրինագծում հիշատակում է նաև Դերսիմի, Մարաշի, Սվասի, Չուրումի քրդական կոտորածների մասին: