«Առաջին համաշխարհային պատերազմի 100 տարին» խորագրով միջոցառման ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի ելույթը անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքիայի Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը այդ կապակցությամբ հատուկ նամակ է ուղարկել Լամերթին' իր մտահոգությունը հայտնելով վերջինիս խոսքերի առնչությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Մասնավորապես թուրքական կողմին չի գոհացրել այն, որ Բունդեսթագի նախագահը միջոցառման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Հայերի աքսորի և ոչնչացման հետ մեկտեղ տեղահանումն ու մասսայական սպանությունը վերածվել էին պատերազմական գործիքի»:

 

Իր նամակում Թուրքիայի Մեջլիսի նախագահը թուրքական կողմին հատուկ ձևով արդարացել է, թե «հայերի տեղահանությունը պայմանավորված է եղել պատերազմական պայմաններով, և այն չի կարող համարվել ոչ աքսոր, ոչ էլ զանգվածային սպանություն»: Չիչեքը նշել է, որ պատերազմը «թե’ հայերի, թե’ թուրքերի համար մեծ ցավերի շրջան է եղել»:Անդրադառնալով Լամերթի խոսքերին' Մեջլիսի նախագահը կոչ է արել Գերմանիային «անկողմանակալ վերաբերմունք ցուցաբերել»:

 

Իր նամակում նա հայտնել է նաև իր ցանկությունը' քննարկելու խնդրի մանրամասներն առաջիկա հանդիպման ժ ամանակ: