Հունվարի 27-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հրեա ազգի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հրեական «Լեա» միջազգային ֆոնդի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի Կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ազգային և կրոնական համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերին: Ինչից հետո ելույթով ներկայացավ Վրաստանի նախագահը: Իր ելույթում Գիորգի Մարգվելաշվիլին հատուկ ուշադրություն հատկացրեց այն պատասխանատվությանը, որը դրված է ժամանակակից մարդկության վրա' ցեղասպանությունները չտույլատրելու, կանխելու հարցում:
Մինչ հարգելի ընթերցողին նախագահի ելույթից մի հատված ներկայացնելը, վերադառնանք 10 րոպե առաջ…

 

Մինչև միջոցառման սկսվելը, «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչները Վրաստանի նախագահին հիշեցրին այն սպասումների մասին, որոնք ունեն վիրացահայերը' Վրաստանի կողմից հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում: Ինչպես նաև նախագահին նվիրեցին «Հայոց Ցեղասպանությունը 1914-1918թ.թ. վրացական պարբերականներում» արխիվային նյութերի ժողովածուն: Հիշեցնենք, որ տվյալ ժողովածուն լույս է տեսել 2011թ.-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի ուժերով: Այնտեղ հավաքված են այն նյութերը (հոդվածներ, հաղորդագրություններ, նամակներ և այլն), որոնք հրատարակվել են վրաց մամուլում Հայոց ցեղասպանության իրագործման տարիներին:
Նախագահը գիրքը վերցրեց իսկ Վիրացահայության սպասումների առթիվ ամաչկոտ ժպտաց:

 

«Երբ մարդը վախենում է ինքն իրենից, դա, երևի ամենասարսափելին է , ինչ կարող է կատարվել: Դա մարդկությանը բերեց հսկայական ցավ: Մարդը տեսավ, որ իր ամենամեծ թշնամին հենց ինքն է: Բոլորը տեսան, որ այն դժոխքը, որը գոյություն ունի մարդու հոգեբանության մեջ, կարող է նաև դուրս պրծնել' չնայած մշակույթին, չնայած քաղաքակրթության ձեռքբերումներին: Եվ հոգեբանության մեջ գոյություն ունեցող այդ դժոխքը, կարող է դժոխքի վերածել ամբողջ աշխարհը: Հոլոքոստից հետո մարդը գիտակցեց, որ ինքն իր համար ավելի սարսափելի է քան ցանկացած թշնամի: Այդ ողբերգությունը մարդկությունը շատ դժվար հաղթահարեց: Որովհետև հայտնի դարձավ, որ այն չարությունը, որ, ցավոք, կա մարդու մեջ, պետք է դադարեցվի և անթույլատրելի դառնա: Դրանում կարևոր է ներքին կարգապահության, մշտական հոգեկան աշխատանքի, պետության օգնության դերը: Չի՛ կարելի ոչ մի վայրկյան թույլ տալ, որպեսզի այդ չարությունը դուրս գա, հայտնվի, սաստկանա: Եթե մարդն ու հասարակությունը ուղղված չլինեն նման հանցագործությունների կանխման դեմ, ապա այդ չարությունը անպայման ցույց կտա իրեն: 20-րդ և 21-րդ դարերը սովորեցնում են մեզ, որ չի կարելի ոչ մի րոպե գլուխ իջեցնել, և չի կարելի նույնիսկ մեկ վայրկյանի մաս ընդունել, որ փոքրամասնությունը թեկուզ ինչ-որ մի բանում լինի սահմանափակված, խտրականացված», -հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: