Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ Կառ ավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանը: Հանդիպմանը ներկա է եղել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

 

Ողջունելով պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն' Կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում կրոնի հարցերով պետական գործակալության ստեղծման կապակցությամբ:

 

Զրույցի ընթացքում Վեհափառն ու Վաշակմաձեն մասնավոր անդրադարձ են կատարել Վիրահայոց թեմին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն հուզող հարցերին և խնդիրներին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը ողջունել է Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությունը՝ հույս հայտնելով, որ նորաստեղծ գործակալության և եկեղեցական կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ բարվոք լուծման կառաջնորդվեն առկա բոլոր խնդիրները:

 

Հանդիպմանը խոսվել է նաև Վրաստանում վերջին տասնամյակներին փլուզված հայկական եկեղեցիների վերականգնման ուղղությամբ պատկան կառույցների ձեռնարկած աշխատանքների ընթացքի, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար Վիրահայոց թեմին անհրաժեշտ հայոց պատմական սրբավայրերի վերադարձման հարցի մասին:

 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ողջույնն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ին: