Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով' Նորին Սրբությունն արգասաբեր գործունեություն է մաղթել նրան: Անդրադառնալով ժողովրդի առջև ծառացած բազմաբնույթ մարտահրավերներին' Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահը և Աժ պատգամավորները, լինելով ժողովրդի ձգտումների ու սպասումների արտահայտողը, պետության և ժողովրդի շահի բարձր գիտակցությամբ, օրենսդրական կարգավորումներով բարի արդյունքներ պիտի ապահովեն երկրի առաջընթացի, ժողովրդի արժանապատիվ և բարօր կյանքի կերտման ճանապարհին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ ազգային ժողովի հարաբերություններին, ինչպես նաև Հայ եկեղեցու' որպես ազգային բացառիկ կառույցի համախմբող դերակատարությանը: Այս առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել Հայ եկեղեցու և ՀՀ ազգային ժողովի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համար:
ՀՀ ԱԺ նորընտիր նախագահը, իր հերթին բարձր գնահատելով Հայոց եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում, անհրաժեշտ է նկատել համատեղ ջանքերի ներդրումը' հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար: Ամենայն Հայոց Հայրապետն ու ԱԺ նախագահը կարևորել են Մայր Աթոռի և ՀՀ ազգային ժողովի հետագա համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը վերստին Սուրբ Հոգու առաջնորդությունն է մաղթել ԱԺ նախագահին' պատասխանատու իր առաքելության մեջ: