Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը Նորին Սրբությունն ուրախությամբ նշել է, որ հաճելի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչներին: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշել է ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության ամրապնդման գործում:

Խոսելով Սուրբ Էջմիածնի հոգևոր առաքելության, հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընգծել է, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական զորեղ հավատքի շնորհիվ կարողացավ հաղթահարել պատմության ընթացքում իրեն բաժին ընկած բազում փորձություններ, այդ թվում նաև` Հայոց Ցեղասպանությունը:

Նորին Սրբությունն այս կապակցությամբ իր խորին երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի բարեսեր ժողովրդին` Հայոց Եղեռնը վերապրած հայորդիներին իրենց երկրում ապաստան տալու և օգնելու առնչությամբ:

Իր հերթին պատգամավոր Օլիվիե Դասոն նշել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը շատ խորն է և ունեցել է բազում գեղեցիկ դրսևորումներ: Պատգամավորը հույս է հայտնել, որ մարդկության պատմության մեջ այլևս նման ողբերգություններ տեղ չեն գտնի:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պրն. Դասոյին մաղթել է արդյունավոր գործունեություն իր պատասխանատու առաքելության մեջ: