Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել, այսպես կոչված, օֆշորների մասին օրենքի վրա և դիտողություններով է խորհրդարան վերադարձրել «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին խորհրդարանը արագացված քննարկումից հետո երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել համապատասխան օրինագծին։
Ըստ այդ փոփոխությունների՝ օֆշորային ընկերություններից Վրաստան ակտիվների փոխանցումը ժամանակավորապես ազատվում է հարկումից մինչև 2028 թվականը։
«Հարկային պարտավորությունները կարող են դժվարացնել միջոցների փոխանցումը։ Օրինագծի նպատակն է խթանել ակտիվների փոխանցումը՝ արտոնյալ հարկում ունեցող երկրներից գործարքների համար ժամանակավոր հարկային արտոնություններ սահմանելով»,- ասված է օրինագծի բացատրական գրության մեջ։
Ընդդիմությունն այս փոփոխություններն անվանել է իշխանության մեջ գտնվող կուսակցության պատվավոր առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի անմիջական հրահանգը, ով այս կերպ, ըստ նրանց, փորձում է պաշտպանել իր ակտիվները արևմտյան պատժամիջոցներից։