Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ «լրջորեն կվերլուծի երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը»:

 

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Վրաստանի Նախագահը նշել է, որ «մենք ուշադիր հետևում ենք յուրաքանչյուր ուղերձի, որը հնչում է ՌԴ-ից, քանի որ վրաց-ռուսական հարաբերությունները Վրաստանի առջև ծառացած ամենացավոտ և խնդրահարույց հարցերից են: Համապատասխանաբար, մենք շատ լուրջ և մանրամասն կվերլուծենք և այսօրվա խոսքերը (Վլադիմիր Պուտինի), կանցկացնենք խորհրդակցություններ և կձևավորենք մեր դիրքորոշումը»:

 

«Եթե կա հնարավորություն, որ նման հանդիպումը դրական լիցք կհաղորդի վրաց-ռուսական հարաբերություններին, եթե կա լուրջ թեմաներ քննարկելու պատրաստակամություն, ապա դա, բնականաբար, ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ արևմտյան գործընկերների հետ խորդակցությունների և նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին մտածելու հիմք է»,- ընդգծել է նա:

 

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը, Սոչիի մեդիա-կենտրոն այցելության ժամանակ պատասխանելով վրացի լրագրողի այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք հանդիպել Վրաստանի նախագահին, պատասխանել էր. «Եթե նա ցանկանա' ինչու ոչ»: