Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է կոնսուլտացիաներ անցկացնել ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման շուրջ: Պուտինը փետրվարի 10-ին չի բացառել Վրաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման հնարավորությունը, եթե նա նման ցանկություն հայտնի, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Ռուս-վրացական հարաբերություններն ամենախնդրահարույց հարաբերություններից մեկն են, հետեւաբար մենք լրջորեն կվերլուծենք այդ ռեպլիկը, կանցկացնենք կոնսուլտացիաներ եւ կճշտենք մեր դիրքորոշումը»,- լրագրողներին հայտարարել է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով, եթե այդ հանդիպումը կարող է դրական ազդակ հաղորդել հարաբերություններին, եւ եթե ՌԴ-ի կողմից կա խնդրահարույց թեմաները քննարկելու պատրաստակամություն, «ապա բնականաբար հիմք կա կոնսուլտացիաներ անցկացնելու ինչպես երկրի ներսում, այնպես էլ արեւմտյան գործընկերների հետ եւ մտածել նման կարեւոր հանդիպման մասին»: