Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կիրակի օրը ստորագրել է գաղտնալսման մասին օրենքը, համաձայն որի Ներքին գործերի նախարարությունը պահպանում է անձնական տվյալներին անմիջական հասանելիության իր իրավունքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Դավիդ Պատարայային:

 

Խորհրդարանն ուրբաթ օրը երեք ընթերցումներով հաստատել է գաղտնալսման մասին մի շարք օրենքներում փոփոխությունները՝ չնայած ընդդիմության և մեծամասնությունից մի շարք պատգամավորների բողոքին: Ուղղումների համաձայն՝ գաղտնալսման իրավունքը պահպանում է Ներքին գործերի նախարարությունը, իսկ անձնական տվյալների պաշտպանության տեսուչն իրականացնում է հսկողությունը:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աջակցել է փոփոխությունները: Ավելի ուշ, Վրաստանի նախագահը վետո է դրել ընդունված օրենքների փաթեթի վրա և առաջարկել խորհրդարանին օրենքի նախագծերի նոր տարբերակ որտեղ կոնկրետ գաղտնալսում իրականացնելու թույլտվություն տրամադրելու իրավասությունը կպատկանի դատարանին, իսկ այդ գործընթացներին կհետևի անձնական տվյալների պաշտպանության տեսուչը: Խորհրդարանը կիրակի օրը հաղթահարել է նախագահի վետոն 81 ձայնով և ուժի մեջ թողել օրենքի նախագծի նախնական տարբերակը:

 

«Վրաստանի նախագահը ողջունում է վերջին իրադարձությունները խորհրդարանում, քանի որ կարծում է, որ սա ժողովրդավարական գործընթաց է: Խորհրդարանի որոշումից հետո, նախագահը անհապաղ ստորագրել է այդ օրենքը», - ասել է Պատարայան: